![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է նաև դիմակավորված անձանց մասնակցությամբ հայտնի տեսանյութին։
«Ես կարծում եմ, որ անձանց շրջանակը մենք պարզել ենք, մոտավոր։ Ըստ էության, այն անձինք, որոնք մենք կարծում ենք, որ այդ տեսանյութում են, 2024 թվականից Հայաստանում չեն։ Սա բայց օպերատիվ տեղեկություն է, որովհետև ապացույց չունենք։ Մենք անուն-ազգանուններ ունենք, և նրանց հայտնաբերման ուղղությամբ ջանքեր են գործադրվել, հենց այդ ժամանակ էլ պարզվել է, որ նրանք 2024-ից Հայաստանում չեն։
Նախկինում, մեծ հավանականությամբ, այլ գործերով մեր հետաքրքրություն տիրույթում են եղել։ Մասնավորապես, հնարավոր է ապօրինի վարձկանության տրամաբանության մեջ գտնվող անձինք լինեն։ Բայց սա ընդամենը օպերատիվ տեղեկություն է»,- ասել է վարչապետը։
Հիշեցնենք՝ մայիսի 18-ին համացանցում տարածված տեսանյութում դիմակավորված ու զինված անձինք Ղարաբաղի բարբառով սպառնում էին ՀՀ վարչապետի հետ հաշվեհարդար տեսնել, ոչնչացնել ու վերացնել նրան՝ իբր պաշտպանելու համար Ղարաբաղի գոյությունը:
Տեսանյութում չկան անուններ, չեն երևում դեմքեր, որովհետև բոլորը դիմակավորված են:
Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, համակարգչային սաբոտաժ կատարելու և հրազենի ու ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ իրականացվում է նախաքննություն։
![]()