Ձերբակալվել են ԲՀԿ-ի պաստառի ապամոնտաժման համար Շենգավիթի թաղապետարանի աշխատակցին հարվածած անձինք․ տեսանյութ

շՇենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում խուլիգանություն կատարած անձանց։

Ինչպես հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող նախկին «Հայրենիք» կինոթատրոնի շենքի պատին՝ 9 քմ չափով փակցված է եղել կուսակցություններից մեկի գովազդային պաստառը, ինչը չի համապատասխանել գովազդի մասին օրենքի չափանիշներին։

Մայիսի 7-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երևանի քաղաքապետարանի Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի առևտրի ծառայության և գովազդի բաժնի մասնագետները փորձել են ապամոնտաժել պաստառը, ինչի ընթացքում շենքի սեփականատերը երկու անձանց հետ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հնչեցրել են հայհոյանքներ, հարվածներ հասցրել վարչական շրջանի աշխատակիցներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների անհետաձգելի ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ 67 և 50-ամյա տղամարդիկ հայտնաբերվել և ձերբակալվել են, իսկ 29-ամյա երիտասարդը ինքնակամ ներկայացել է բացատրական աշխատանքի արդյունքում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Շենգավիթ վարչական շրջանում ապօրինի տեղադրված քարոզչական պաստառի ապամոնտաժման ընթացքում ծեծի են ենթարկվել վարչական շրջանի ղեկավարի աշխատակիցները։ Նրանցից մեկը գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Քաղաքային իշխանությունը հայտարարում է, որ միջադեպը կապված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ թույլատրելի չափը գերազանցող պաստառի ապամոնտաժման հետ, իսկ իրավապահներն արդեն պարզում են դեպքի հանգամանքները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ