![]()
«Մենք երբևէ չենք փոխի մեր աշխատակարգը և այն դիրքորոշումները, որոնք որդեգրում ենք»:
Այս մասին ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի ժամանակ ասել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան՝ անդրադառնալով Ալիևի ելույթում արված պնդմանը, թե Եվրախորհրդարանը թիրախավորում է Ադրբեջանը՝ տարածելով զրպարտանք և սուտ:
«Ես պետք է խոսեմ, քանի որ կոնկրետ ելույթներից մեկը կենտրոնացավ հենց Եվրոպական խորհրդարանի վրա, կարծում եմ որ շատ արագ արձագանք պետք է ունենա:
Ես կարծում եմ, որ անհամաձայնությունների որոշակի աստիճան ունեցող հանդիպումները մշտապես առողջ են, բայց ես կցանկանայի արագ արձագանքել և ընդծել, որ Եվրոպական խոհրադարանը ուղղակիորեն ընտրված ներկայացուցիչներով ժողովրդավարական մարմին է, որի բանաձևերը ընդունվում են մեծամասնության միջոցով, և դրա արդյունքները գուցե անհարմարություն են ստեղծում շատերի համար, բայց մենք երբևէ չենք փոխի մեր աշխատակարգը և այն դիրքորոշումները, որոնք որդեգրում ենք»,- ասել է Մեցոլան:
Եվրոպական խորհրդարանը նախորդ շաբաթ «Աջակցություն Հայաստանում ժողովրդավարական դիմակայունությանը» բանաձևով վերահաստատել էր իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին՝ ներառյալ նրանց ինքնության, սեփականության և մշակութային ժառանգության պաշտպանությունը, ինչպես նաև նրանց անվտանգ, անխոչընդոտ և արժանապատիվ վերադարձի իրավունքը: Բանաձևը նաև դատապարտում է հայ գերիների պահումն Ադրբեջանում և պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակում։
Ադրբեջանը, սակայն, կարծում է, որ Ղարաբաղից հայերը հեռացել են ինքնակամ, այնտեղ մշակութային ժառանգությունը չի ոչնչացվում, իսկ ռազմագերիներին արձակել են և ուղարկել հայրենիք՝ Բաքվի բանտերում թողնելով միայն «ծանր հանցագործությունների համար մեղադրվողներին»:
Մայիսի 1-ին Ադրբեջանում Եվրոպական Միության դեսպան Մարիանա Կույունչիչը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն Հայաստանի վերաբերյալ բանաձև ընդունելու պատճառով:
Բանաձևը սաստիկ զայրացրել է պաշտոնական Բաքվին, երկրի ԱԳՆ-ն հաղորդագրություն է հրապարակել՝ նշելով, թե «Բաքուն խստորեն դատապարտել է Եվրախորհրդարանի՝ երեկ ընդունած բանաձևի «անհիմն և կողմնակալ դրույթները», և դեսպանին ներկայացվել է բողոքի նոտա»:
Մայիսի 4-ին էլ, ԵՔՀ գագաթնաժողովին տեսակապով միանալով, Ալիևը դժգոհություն է հայտնել ԵԽ բանաձևերից և ԵՄ քաղաքականությունից:
![]()