![]()
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգա Ռուգինիենեի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և այցի ընթացքում ուղեկցեց ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանության հուշահամալիրի խորհուրդն ու նշանակությունը:
Տիկին Ինգա Ռուգինիենեն ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո պատվիրակության մյուս անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Լիտվայից ժամանած պատվիրակության անդամներն այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ Էլեն Հակոբյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, այնուհետև տիկին Ինգա Ռուգինիենեն գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը բարձրաստիճան հյուրին նվիրեց Հայոց ցեղասպանության թանգարանի անգլերեն պատկերագիրքը:
![]()