Լանգ Լանգի մասնակցությամբ կայացել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հոբելյանական համերգը. լուսանկարներ

Ապրիլի 14-ին տեղի է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյա հոբելյանին նվիրված համերգը, որին ելույթ է ունեցել աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը։ Նա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարել է Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը։ Սա նրա առաջին այցն էր ոչ միայն Հայաստան, այլև տարածաշրջան։

Համերգն անցկացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ գլխավոր գործընկերն է եղել Երևանի քաղաքապետարանը, ինչպես նաև GTB Holdings ընկերությունը և մեկ այլ ընկերություն:

Մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն դահլիճը մեծ ընդունելության է արժանացրել Լանգ Լանգին՝ բուռն ծափահարություններով ողջունելով նրա կատարումները։ Համերգի տոմսերն ամբողջությամբ սպառվել են։ Ռախմանինովի կոնցերտից հետո վիրտուոզ դաշնակահարը նվագախմբի հետ կատարել է Արամ Խաչատրյանի «Անդանտինոն»։

«Մենք կատարում ենք դաշնամուրի ամենահուզիչ կոնցերտներից մեկը։ Մաեստրո Սմբատյանի հետ սա առաջին համագործակցությունն է, թեև վաղուց ենք ճանաչում միմյանց։ Նվագախումբը շատ լավ նվագեց։ Մենք լավ թիմ ենք, և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները նվագում են մեծ նվիրումով»,- առաջին փորձից հետո ասել է դաշնակահարը։

Իսկ ահա համերգին կայացած ելույթից հետո այսպիսին է եղել Լանգ Լանգի տպավորությունը. «Հրաշալի էր ամեն ինչ։ Ֆանտաստիկ հոբելյանական համերգ էր։ Ես մեծ հաճույք ստացա։ Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է, և ես հաճույքով կվերադառնամ այստեղ»։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը իր խոսքում ասել է, որ նվագախմբին հանրությունը շատ է սիրում: Նվագախումբ, որը համարձակ է իր ամբիցիաներով, գեղարվեստական մտածողությամբ, հնչողությամբ, և հոբելյանական համերգն ու համաշխարհային մեծության աստղի մասնակցությունը այդ ամենի ապացույցն են։

«Լանգ Լանգն իր արվեստով փոխել է միլիոնավոր մարդկանց պատկերացումը դաշնամուրի, դասական մշակույթի մասին։ Նրա մասնակցությունը մեր համերգին մեծ ձեռքբերում է»,- նկատել է Սերգեյ Սմբատյանը։

Համերգի երկրորդ մասում նվագախումբը ներկայացրել է ունկնդրի ամենասիրելի և սպասված նախագծերից կատարումներ։

Նշենք, որ համերգի մեկնարկից առաջ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է ոլորտի միջազգային անվանի ներկայացուցիչների: Երաժշտարվեստի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, միջազգային գործընկերային կապերն ու ձեռքբերումներն ամրապնդելու համար, ինչպես նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով են պարգևատրվել Մերձավոր Արևելքի առաջատար կատարողական արվեստի կենտրոնի՝ Dubai Opera-ի ղեկավար, մշակութային հեղինակավոր գործիչ, գիտնական Պաոլո Պետրոչելլին, Royal Opera House Muscat օպերային թատրոնի գլխավոր տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ումբերտո Ֆաննին, բազմակի Գրեմմի մրցանակակիր, դասական երաժշտության ձայնային ռեժիսոր և պրոդյուսեր Քրիստոֆեր Ալդերը, ջութակահար, Jingse International Culture and Education կազմակերպության նախագահ Յուան Յուանը, միջազգային երաժշտական փառատոների և մրցույթների նախագահ, մշակութային գործիչ և բարերար Կոնստանտին Իշխանովը:

Անվանի արվեստագետներն իրենց գործունեությամբ մեծ ներդրում են ունեցել հայ կատարողական արվեստի և հայ դասական երաժշտարվեստի տարածման գործում։ Նրանց աջակցությամբ իրականացվել են նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մի շարք կարևոր նախագծեր, որոնք նպաստել են հայկական երաժշտարվեստի ներկայացմանը միջազգային բեմերում և Հայաստանի ու արտերկրի միջև մշակութային կապերի ամրապնդմանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ