47 մլրդ 129 մլն 552 հզր դրամ վնասի վերականգնում. ներկայացվել է ՔԿ գործունեության 2025-ի հաղորդումը

Արթուր Պողոսյանը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 16-ի նիստում ներկայացրել է ՀՀ քննչական կոմիտեի 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը:

Քննչական կոմիտեի նախագահը, ներկայացնելով 2025 թվականի կառույցի գործունեության մասին հաղորդումը, նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում քննվել է 90 հազար 931 քրեական վարույթ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 85 հազար 341-ի համեմատ, այսինքն՝ աճել է 5590 վարույթով կամ 6.5%-ով: 90 հազար 931 քրեական վարույթից լուծվել է 69 հազար 694-ի ընթացքը նախորդ տարվա 63 հազար 211-ի համեմատ, այսինքն՝ ընթացքը լուծված քրեական վարույթներն աճել են 6483-ով կամ 10.2%-ով:

Արթուր Պողոսյանը, անդրադառնալով դատավարական ավարտներով քրեական վարույթներին, նշել է, որ նախորդ տարվա համեմատ դատարան ուղարկված վարույթների քանակն աճել է 2825-ով կամ 23.8%-ով: Այսպիսով, ավարտված 41 հազար 761 քրեական վարույթից 14 հազար 650-ը՝ 15 հազար 533 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2024 թվականին՝ 11 հազար 825 քրեական վարույթ՝ 12 հազար 805 անձի վերաբերյալ):

Քննչական կոմիտեի նախագահը ելույթի ընթացքում անդրադարձել է նաև ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային վնասի վերականգնումներին՝ նշելով, որ 2025 թվականի ընթացքում գրանցվել է աննախադեպ 47 մլրդ 129 մլն 552 հզր ՀՀ դրամ վնասի վերականգնում, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 8 մլրդ 41 մլն 225 հզր-ով (2024-ին՝ 39 մլրդ 118 մլն 327 հզր ՀՀ դրամ):

Անդրադառնալով զինվորական ծառայության հետ կապված դեպքերին՝ Քննչական կոմիտեի նախագահը ընդգծել է, որ ծառայության հետ կապված սպանության դեպքեր չեն արձանագրվել (2024-ին՝ 5 դեպք, 5 անձ), հակառակորդի կատարած սպանություններ նույնպես չեն արձանագրվել (2024-ին՝ 3 դեպք, 4 անձ), ինչպես նաև չեն արձանագրվել ծառայության հետ կապված տրանսպորտային կամ մարտական միջոցներ վարելու կամ շահագործելու կանոնների խախտման դեպքեր (2024-ին՝ 2 դեպք, 5 մահացած անձ) և ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման կանոնների խախտման դեպքեր (2024-ին՝ 1 դեպք, 2 մահացած անձ):

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը պատգամավորների հետ հարցուպատասխանի ընթացքում խոսել է նաև անչափահասների նկատմամբ և անչափահասների կատարած հանցագործությունների, ընտանեկան բռնությունների և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ՝ ներկայացնելով վիճակագրական տվյալներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ