![]()
«Նախորդ 5 տարվա հետ կապված մի պրոբլեմ կա, որի վերաբերյալ մենք դեռ շատ լուրջ դիսկոմֆորտ ունենք, դա արդարությունն ու արդարադատությունն է»,-ԱԺ-ում պատասխանելով պատգամավորների հարցերին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նշեց, որ ինքն էլ, բոլորն էլ հաճախ ՀՀ-ում անարդարության և անարդարադատության զգացում են ունենում. «Խնդիրը հետևյալն է՝ մի քիս պահի մենք գալիս անհրաժեշտության առաջ ենք կանգնում՝ ինչ է արդարությունը, ինչ է արդարադատությունը, իմ պատասխանն այդ հարցին միանշանակ է՝ արդարությունն ու արդարադատությունը համապատասխանությունն է Սահմանադրությանը և Սահմանադրությունից բխող օրենքներին: Այստեղ մի ուրիշ խնդիր կա, երբ Սահմանադրությունը ժողովրդի կողմից ընդունված չի, ցանկացած գործողություն ընկալվում է որպես անարդարություն: Երբ քաղաքացին ինչ-որ մի զանցանքի համար տուգանվում է, դա միշտ նյարդ է առաջացնում և այդ նյարդը միշտ լարում է ստեղծում պետության և հասարակության միջև, ինչը պոտենցիալ վտանգ է պետության կայունության համար: Հարց եմ տալիս՝ որ դեպքում է, որ այդ նյարդը չի առաջանա, մի դեպքում, երբ քաղաքացին այդ տուգանքը ստանալիս ընդունի, որ դա իր կողմից ընդունված և ձեռք բերված պայմանավորվածության իրականացումն է: ՀՀ երրորդ Հանրապետության պատմության մեջ երբեք քաղաքացիների 50+1 տոկոսը չի քվեարկել ՀՀ սահմանադրության օգտին, այսինքն՝ ՀՀ-ում հաստատված իրավակարգի ու քաղաքացու միջև ալերգիա կա, որովհետև քաղաքացին չի հասկանում՝ այս իրավակարգն ով է ստեղծել»:
Վարչապետի խոսքով՝ ՀՀ-ում պետք է լինի Սահմանադրություն, որը քաղաքացին կընդունի անհրաժեշտ ձայնով ազատ կամարտահայտմամբ, որ դա իր պայմանավորվածությունն է. «Մեզ ծայրահեղ անհրաժեշտ է երդվյալ ատենակալների ինստիտուտների ներդրում, որն առանց սահմանադրական փոփոխության հնարավոր չի: Նախկինում ինչքան խոսել ենք երդվյալ ատենակալների մասին, ասել են՝ փոքր երկիր է, մեկը մյուսին ճանաչում է, բա չհասկացա էդ ոնց է քննիչի համար փոքր երկիր չի, դատախազի համար փոքր երկիր չի, դատավորի համար փոքր երկիր չի, հենց ժողովրդի համար երկիրը միանգամից փոքրանում է: Այսօր մենք արդարադատության ոլորտում ունենք լուրջ պրոբլեմներ, մենք շատ ոլորտներում մաֆիայի դեմ ենք պայքարում և դա իր մետաստազներն ունի բոլոր տեղերում և պետք է դա վիրահատական ճանապարհներով լուծել, այդ թվում՝ արդարդատության հարցը, քիմոթերապիան այլևս օգուտ չի տալիս: Ժողովրդի ներվերն ինչքան կարելի է քայքայել, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի արդարադատությունը հիմա ինքն իրեն վերարտադրում է, պետք է դրա մետաստազը կտրել և այդ քաղցկեղը հեռացնել ուղիղ վիրահատական միջոցներով, որովհետև խայտառակություն է այսօր ՀՀ-ում արդարադատության համակարգում այն, ինչ տեղի է ունենում, այդ համակարգը ժողովրդի հետ կապ չունի»:
![]()