![]()
Խորհրդարանը շարունակում է քննարկել ՀՀ կառավարության ծրագրի 2021-2026 թվականների 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:
Պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, որը հետաքրքրվում էր, թե որն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարում 2021-2026 թվականների՝ Կառավարության երեք ամենամեծ ձեռքբերումները, վարչապետը պատասխանեց՝ ամենակարևոր ձեռքբերումը համարում է խաղաղությունը:
Երկրորդը, ըստ նրա, առողջության ապահովագրության համակարգը և դրանից բխող սոցիալական հատվածում մեր մյուս ձեռքբերումներն են՝ սկսած կենսաթոշակների շարունակական բարձրացումից և հետվճարի համակարգից, հաջորդը՝ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի աջակցության ծրագիրը, մինչև 2 տարեկան երեխաների խնամքի ծրագիրը:
«Երրորդի համար ո՞ր մեկը ասեմ: Գոնե մինչև 4-5 ասեիք,- կատակով ասաց Նիկոլ Փաշինյանը,- ապա շարունակելով ավելացրեց՝ պետական համակարգում իրականացված փոփոխությունները, մասնավորապես՝ ատեստավորումը, բանակում տեղի ունեցած փոփոխությունները համարում եմ ռազմավարական նշանակության հաջողություն:
Նրա խոսքով՝ շատ մեծ հաջողություն է համարում կատարողականի գնահատման հիման վրա վարձատրության նոր համակարգի ներդրումը՝ պիլոտային:
«Հույս ունենք, որ հաջորդիվ՝ աշնանը կամ գարնանը, օրենսդրական կարգավորումներով կարձանագրենք»,- նշեց վարչապետը՝ համոզմունք հայտնելով, որ այդ բոլոր փոփոխությունները շրջանաձև են և մեկը մյուսի համար խթան են դարձել:
Բագրատյանի հարցին՝ որ համակարգերն են, որ իշխող ուժի կառավարման շրջանում բարեփոխումները այլևս դարձրել են անշրջելի, պատասխանեց՝ կրթության ոլորտում են այդպիսի փոփոխություններ արվել, բանակի, շինարարության ոլորտներում, նաև պետբյուջեի հավաքման ոլորտում են արվել:
![]()