Շատ երկրներ չեն ուզում, որ ՀՀ-ն լինի ինքնիշխան, ուզում են լինի այլ փոխհարաբերությունների հարթակում. Խաչատուր Սուքիասյան

«Կարծում եմ՝ նման խնդիրներ չկան, 30 տարվա մեջ միշտ խնդիրներ եղել են, դրանք քաղաքական գործիքներ են, որոնք օգտագործվում են տարբեր երկրների կողմից, առավել ևս խոշոր երկրի»,- լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով այն հարցին, թե ՌԴ-ի հետ հարաբերություններում հայ գործարարները խնդիրներ ունեն՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

Սուքիասյանը նշեց, որ Հայաստանն էլ ինչ-որ գործիքներ ունի, որոնք այդ ընթացքում քննարկման ժամանակ երևում է. «Վերջին հաշվով, սա մի քաղաքական, դիվանագիտական գործընթաց է, որն ինչ-որ մի ընթացք է ստացել և ընթացքում համաշխարհային հարթակներում տիրող իրավիճակը կբերի նրան, որ ավելի ճիշտ որոշումներ կկայացվեն, որովհետև վերջին հաշվով իրավիճակն էլ թելադրող ինչ-որ հատվածներ ունի, որոնց պետք է ուշադիր լինենք»:

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ Սուքիասյանը նշեց. «Ընդհանրապես այդ հարաբերությունների սրման պատճառը միշտ լինում է ՀՀ-ի ինքնիշխանության պատճառով, երբ ՀՀ-ն ուզում է ավելի մեծ ինքնիշխանություն ունենալ, ավելի անկախ որոշումներ կայացնել, իհարկե, այդ ամենը սկսում է ավելի ճնշվել, որովհետև շատ երկրներ չեն ուզում, որ ՀՀ-ն լինի ինքնիշխան, ուզում են լինի այլ փոխհարաբերությունների հարթակում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ