![]()
Որևէ մեկը կասկած չունի, որ թե՛ Ծառուկյանը, թե՛ Կարապետյանը ձայները տալու են Քոչարյանին։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ ընդգծելով, որ «Գյումրի 2» խոսույթը ընդդիմադիր քաղաքական դաշտն է ձևավորել։
«Իրենք են բարձրաձայնում, որ «Գյումրի 2» են փորձում անել, այսինքն էն պատկերը, որն ունեցել են Գյումրիում՝ միանալով ընտրեն քաղաքապետ, նույն մոդելը կիրառեն համապետական ընտրություններին՝ կառավարվելով մեկ կենտրոնից։ Եվ չկա որևէ մեկը իմ կարծիքով, կասկած ունենա, որ թե Գագիկ Ծառուկյանը, թե Սամվել Կարապետյանը ձայները տալու են Ռոբերտ Քոչարյանին, եթե իհարկե կարողանան հավաքել այնքան ձայն, որ փորձեն անել այն, ինչ Գյումրիում են արել։
Ես վստահ եմ, որ չեն կարողանալու հավաքել այդ ձայները, որովհետև ոչ գյումրեցին է միամիտ, ոչ էլ ՀՀ ժողովուրդը»,- ասաց Առուշանյանը։
Առուշանյանն ասաց՝ Շիրակի մարզի ձևավորվելիք շտաբն անձամբ կղեկավարի, արձակուրդում կլինի այդ ժամանակահատվածում։
Հարցին՝ եթե ՔՊ-ի ձայները քիչ եղան, չկա՞ աշխատանքից ազատվելու մտավախություն՝ մարզպետը կատակեց՝ արդեն պատվաստված է, իմունիտետ ունի այդ հարցում։
Դավիթ Առուշանյանը վստահ է՝ հունիսի 7-ին ՀՀ քաղաքացին իրապես տեր է կանգնելու խաղաղությանը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շանսերը գնահատում է բարձր։
«Ես ուզում եմ բոլոր ընդդիմադիր ուժերին ասել՝ երևի տեղյակ չեն որ քաղաք են եկել, որ մարզ են եկել։ Վստահեցնում եմ, որ գյումրեցիներին ու Շիրակի մարզի բնակիչներին երբեք հնարավոր չի եղել ոչ փողով զարմացնել, ոչ փողով ձայն գնել, ու էդ ուժերը, որոնք եկել, փորձում են գյումրեցուն միամիտի տեղ դնել ու իրենց քաղաքական խաղերը խաղալ, վստահեցնում եմ, որ նույնիսկ ամենահեռավոր գյուղ Շաղիկում լավ գիտեն ու պատկերացնում են, թե ինչ խաղ են խաղում ու էս խաղը որ կենտրոնից է կառավարվում ու վերջում ում են տալու ձայները։
Չփորձեն խաղալ գյումրեցու արժանապատվության հետ ու մտածեն, թե դրսից բերած իրենց գումարներով կարողանալու են կաշառեն։
Չեմ կարծում, որ ՀՀ քաղաքացին քվեախցիկ մտնելով փորձելու է ընտրություն անել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, խաղաղության և հաջորդ կողմի ինքնիշխանության բացակայության ու պատերազմի միջև, որի մասին ընդդիմադիրներն են պարզ ու բաց ասում։ Իրենց նախընտրական հոլովակում ցուցադրում են ՀՀ քարտեզը և Ղարաբաղի քարտեզը համատեղ, արդեն հասկանալի է, որ դու տարածքային պահանջներ ունես հարևան երկրի հանդեպ»,- ասաց Առուշանյանը։
![]()