Կարապետյանի վարույթի քննության ընթացքում Քննչական կոմիտեի նախագահի որևէ տեղակալ հրաժարական չի ներկայացրել․ ՔԿ

Պաշտպան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում պնդում է կատարել առ այն, որ Սամվել Կարապետյանի վերաբերյալ վարույթի քննության որոշակի փուլում Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը, որին մակագրված է եղել նշված վարույթը, հրաժարական է տվել:

Այդ կապակցությամբ Քննչական կոմիտեն պարզաբանել է, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում Քննչական կոմիտեի նախագահի որևէ տեղակալ հրաժարական չի ներկայացրել:

«Պաշտպանը հարցազրույցի ընթացքում պնդել է նաև, որ իրենք վարույթի քննության 4-րդ ամսում միջնորդել են մաս անջատել և ուղարկել դատարան, սակայն Քննչական կոմիտեն պարզաբանել է, որ նման գործիքակազմ չկա:

Ասվածի կապակցությամբ հարկ է նշել, որ վարույթի սկզբնական փուլում վերջիններս միջնորդել են քրեական վարույթից անջատել «կոչի» դրվագը և այն ուղարկել դատարան, սակայն նման իրավական հնարավորություն Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել ոչ միայն այդ, այլ նաև փողերի լվացման, խարդախության, հարկեր վճարելուց խուսափելը կազմակերպելու դրվագներով: Այսինքն՝ առկա չէ իրավական ընթացակարգ, որը թույլ կտար միևնույն անձի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը տրոհել մասերի և մի մասով շարունակել նախաքննությունը, իսկ մյուս մասով ուղարկել դատարան:

Պաշտպանի մյուս հայտարարության հետ կապված, թե ի վերջո վարույթից մաս է անջատվել, պետք է նշել, որ այս դեպքում խոսքը Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման ամբողջ ծավալով նոր վարույթ անջատելու, այլ ոչ թե մեղադրանքը տրոհելու մասին է:

Հետևաբար պաշտպանի հայտարարությունները հիմնազուրկ են և չփաստարկված»,- սոցցանցի իր էջում գրել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ