![]()
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր՝ Արարատ համայնքի Պարույր Սևակ բնակավայրում կառուցվել է նոր կրթահամալիր։
Վարչապետը Պարույր Սևակի նորակառույց կրթահամալիրում ելույթի ընթացքում շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում աշխատող, արդյունք ստեղծող և հարկերը վճարող քաղաքացիներին, նաև այն անձանց, որոնք գուցե ՀՀ քաղաքացի չեն, սակայն տնտեսական գործունեություն են ծավալում մեր երկրում:
Փաշինյանը նաև շնորհակալություն հայտնեց այն քաղաքացիներին, որոնք իրենց ամենօրյա աշխատանքում ՀԴՄ կտրոն, հաշիվ-ապրանքագիր են դուրս գրում, այսինքն՝ ջանքեր են գործադրում, որ շրջանառությունը լինի ոչ ստվերային:
Նա ՀՀ բոլոր քաղաքացիների ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, թե ինչպես են դպրոցներն ու շենքերը ստեղծվում, կահավորվում գույքով, ինչպես է ապահովվում նրանց գործունեությունը:
«Այդ ամենը ՀՀ պետական բյուջեի որևէ մի տող է: Եթե չկա տող բյուջեում, ուրեմն չկա դպրոց, չկա գույք, մարզահրապարակ, ուրեմն չկա ճանապարհ: Այդ ամենը ՀՀ բյուջեի մի որևէ տողում պետք է արտահայտվի: Տողը՝ տող, բայց այդ տողի դիմաց գրված է ինչ-որ թիվ:
Եթե տողը լինի, թիվը լինի, ի դեպ, բյուջեում մենք նման տողեր ունենում ենք, որի դիմացը զրո է, այսինքն՝ սպասող տող, և մենք ունենք նաև բյուջեի հավելվածներ, որոնք, ըստ էության, այն ծրագրերն են, որի դիմաց 0 (զրո) է գրված: Հիմա այդ 0-ն երբ է սկսում դառնալ թիվ: Երբ մենք, օրինակ, ամեն օր գնում և հաց կամ ջուր ենք գնում, գնման դիմաց խնդրում և ստանում ենք ՀԴՄ կտրոն: Այսինքն՝ մեր գործունեությունից, մեր կատարած գնումներից ձևավորվում է այն գումարը, որը կաթիլ-կաթիլ այդ բյուջեի տողերը դառնում են 1, 0, 100, 100 հազար և այլն, և ստեղծվում է դպրոց»,- հայտնեց վարչապետը:
Նրա խոսքով՝ 16 միլիոնի ծրագրի ամենատպավորիչ տեսարաններից մեկը Պարույր Սևակում է, որովհետև 16 միլիոնի տները կառուցվում են մայրուղու երկայնքով:
Վարչապետն ընդգծեց՝ իր համոզմունքը գնալով ամրապնդվում է, որ մարդու բարեկեցությունը կախված չէ նրանից, թե ինքն իր բարեկեցության համար որքան գումար է ծախսում, այլ իր բարեկեցության աստիճանն առաջին հերթին կախված է նրանից, թե իր պետության և համայնքի բյուջեն իր բարեկեցության վրա որքան է գումար ծախսում:
«Մեզնից յուրաքանչյուրը չի կարող իր երեխայի համար առանձին դպրոց կառուցել, դեպի իր տուն եկող ճանապարհ կառուցել: Պետական բյուջեն նաև այն է, որ մենք մասհանում ենք անում ընդհանուր կարիքները հոգալու համար»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ երբեմն քաղաքական նպատադրումներով, շահարկումների նպատակով դեմոնիզացվում է հարկային համակարգը:
Վարչապետը կարևորեց, որ դպրոցներում երեխաներն առաջին հերթին սովորեն՝ ինչ է պետությունը և պետականությունը, որովհետև պետությունը մեզնից յուրաքանչյուրի բարեկեցության պարտադիր պայմանն է:
![]()