Պուտինը իր չեղած հեղինակությամբ ինչու պիտի Քոչարյանին ուժով բերի իշխանության. նա մոտ 300 տարի շանս չունի

Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը կարծում է, որ Թուրքիան Ադրբեջանի հետ է փորձում համաձայնեցնել իր դիրքորոշումը, սակայն իր խոսքերով ակնհայտորեն Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ դուրս չի գնում:

Միաժամանակ նա նկատում է, որ Հայաստանի բոլոր իշխանությունները ցանկացել են բացել հայ-թուրքական սահմանը, որովհետև գիտակցել են, որ դա կարևոր ճանապարհ է դեպի Եվրոպա:

Ըստ զրուցակցի՝ Հայաստանի որևէ իշխանություն Ցեղասպանության թեման չի դարձրել խոչընդոտ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում:

Դալլաքյանն ասում է՝ Հայաստանը դիվանագիտական մակարդակում պետք է անընդհատ ցույց տա, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր խոսքի տերը չի լինում հաճախ:

Նրա համոզմամբ՝ Ղարաբաղի հարցը մահակ է և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի գլխին․ գալու է ժամանակը, որ այն օգտագործվելու է Ադրբեջանի դեմ:

Նա նաև այն համոզմանն է, որ պետք է նոյեմբերի 9-ի փաստաթղթից դուրս գալ:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին ասուլիսին և դրա շրջանակում հնչեցված կարծիքին, թե նոյեմբերի 9-ի փաստաթուղթն այսօրվա համեմատ երազանք է, զրուցակիցն ասում է. «Անընդհատ ասել, թե սա կապիտուլյացիա է, նշանակում է, որ այդ մարդիկ քաղաքական օրակարգ չունեն: Օրակարգը մեկն է. եթե Փաշինյանն է արել, ուրեմն վատն է: Քոչարյանը մոտակա 300 տարին հնարավորություն չունի վերադառնալ իշխանության: Պուտինն անմահության մասին է խոսում, բայց Քոչարյանի հետ կապված որևէ անձ հնարավորություն և շանս չունի գալու իշխանության: Վլադիմիր Պուտինը իր չեղած հեղինակությունը ինչո՞ւ պետք է վատնի, որ մի հատ էլ Քոչարյանին ուժով բերի իշխանության: Ինչքան էլ գումար են ծախսում, 6-7 տոկոսի շեմում են մնում»:

Հարցադրմանը՝ ինչ սպասել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, Լիլիթ Դալլաքյանը նշում է. «Պրոռուսական ուժերը հանդես կգան տարբեր անուններով, հետո հավանաբար կմիավորվեն: Արևմտամետ ուժերը դժվար թե միավորվեն»:

Վերջինս զարմանալի է համարում, որ Սամվել Բաբայանն ուզում է միավորվել Արթուր Վանեցյանի հետ. «Վանեցյանը Սերժ Սարգսյանի թիմից էր, իսկ այդ անձը (Սամվել Բաբայանը), որպես կանոն, հայտնի է Սերժ Սարգսյանի նկատմամբ իր բացասական վերաբերմունքով. ստացվում է՝ կա՛մ անսկզբունքային է, կա՛մ Վանեցյանն այլևս Սերժի հետ չէ»:

Դալլաքյանն ասում է՝ ժողովուրդը հոգնել է այս քաղաքական օրակարգից. 2026-ին ուզում է տեսնել այնպիսի խորհրդարան, որը խնդիրներ կլուծի:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:


 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ