![]()
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի համագործակցությամբ հոկտեմբերի 4-ին և 5-ին Ծաղկաձորում կազմակերպվել է երկօրյա քննարկում՝ «Ատելության խոսքի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում» թեմայով։
Միջոցառման նպատակն էր քննարկել ատելության խոսքի տարածման խնդիրները, մասնավորապես՝ սոցիալական մեդիայի և սոցցանցերի միջոցով տարածվող ատելության դրսևորումները, դրանց պատճառները, պայքարի միջազգային չափանիշները, ինչպես նաև անդրադառնալ առավել հաճախ թիրախավորվող խմբերին։ Մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ, ԱԺ, դատական իշխանության, դատախազության, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, ինչպես նաև ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներ:
![]()
Բացման իր խոսքում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է ատելության խոսքի կանխարգելմանն ուղղված հետևողական աշխատանքի կարևորությունը՝ ընդգծելով, որ նման խոսքը ոչ միայն խաթարում է հասարակական համերաշխությունը, այլև վտանգում ժողովրդավարական արժեքների ամրապնդումը։
«Հայաստանում ատելության խոսքն ունի մտահոգիչ ծավալներ և օգտագործվում է գրեթե ամենօրյա ռեժիմով։ Այն լայնորեն տարածվում է ինչպես մասնագիտական, ակադեմիական համայնքների, այնպես էլ հանրային ու քաղաքական գործիչների կողմից։ Սա չափազանց վտանգավոր միտում է, որը կարող է հանգեցնել խորքային բացասական հետևանքների։ Ուստի՝ անհրաժեշտ է համատեղ, սոլիդար և հետևողական ջանքերով պայքարել նշված երևույթի դեմ։ Այս համատեքստում թե՛ Ազգային ժողովը, թե՛ հանրային ու քաղաքական գործիչները կրում են առանձնահատուկ պատասխանատվություն՝ ատելության խոսքի կանխարգելման և դրա դեմ պայքարի արդյունավետ գործիքակազմերի ձևավորման և գործարկման հարցում։ Կենսական նշանակություն ունի այն, որպեսզի բոլոր դերակատարները հստակ գիտակցեն՝ ատելության խոսքն անթույլատրելի է ցանկացած պարագայում»,- նշել է Անահիտ Մանասյանը։
Շարունակելով՝ Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է նաև մեդիայի դերը՝ ընդգծելով, որ տեղեկատվական միջավայրը պետք է ծառայի ոչ թե ատելության խոսքի տարածմանը, այլ՝ իրավաչափ խոսքի առնչությամբ հանրային իրազեկման բարձրացմանն ու հասարակական համերաշխության ամրապնդմանը։
![]()
Բացման խոսքով են հանդես եկել նաև Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս տարածաշրջանային ծրագրի ղեկավար Յակոբ Վյոլենշտայնը և ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանը:
Քննարկման ընթացքում ներկայացվել են միջազգային փորձը, իրավական մոտեցումները և մեդիայի պատասխանատվության հարցերը։ Միջոցառման շրջանակում անցկացվել են նաև խմբային աշխատանքներ, և պանելային քննարկումներ, որոնց ընթացքում մասնակիցները քննարկել են գործնական իրավիճակներ` փորձելով համատեղ մշակել արդյունավետ մեխանիզմներ ատելության խոսքի դեմ պայքարի և իրազեկման բարձրացման ուղղությամբ։
Հիմնական քննարկումները վարել են ազգային փորձագետ Արա Ղազարյանը և միջազգային փորձագետ, իրավապաշտպան Ադնան Կադրիբաշիչը: Տարբեր դերակատարների իրավասությանն ու համագործակցությանն առնչվող հարցերը ներկայացրել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Ազգային ժողովի պատգամավորները, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Գոհար Մամիկոնյանը և Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանը:
![]()
![]()