![]()
Օգոստոսի 26-ին Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստը։

Նիստի ընթացքում քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները, մասնավորապես՝ առևտրի, արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, առողջապահության, ենթակառուցվածքների, միջտարածաշրջանային համագործակցության և այլ ոլորտներում։
«Վիճակագրական տվյալները հստակ վկայում են մեր համագործակցության կայուն դինամիկայի մասին։ Միայն 2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստան-Իրաք առևտրաշրջանառությունը գերազանցել է 171 մլն ԱՄՆ դոլարը, ինչը գրեթե կրկնապատկվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս թվերը ցույց են տալիս, որ առևտրի ծավալները աճում են կայուն և դինամիկ տեմպերով, սակայն միևնույն ժամանակ փաստում են, որ դեռևս առկա է չօգտագործված մեծ ներուժ, որն անհրաժեշտ է ակտիվացնել»,- նշել է Գևորգ Պապոյանը։
Իր խոսքում նախարար Պապոյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է գործարար համաժողովների կազմակերպումը, և գործարար պատվիրակությունների փոխայցելությունները և ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցել մասնավոր հատվածի գործունեությանը՝ խրախուսելով համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, ներկայացուցչությունների և մասնաճյուղերի բացումը։

Նիստի արդյունքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր՝ Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստի արձանագրությունը, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և ԻՀ առևտրի և արդյունաբերության պալատի միջև փոխըմբռնման հուշագիր, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Իրաքի առևտրի պալատի միջև փոխըմբռնման հուշագիր, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի և Իրաքի կապալառուների ֆեդերացիայի միջև փոխըմբռնման հուշագիր։


Նիստի շրջանակներում կայացել է նաև Հայաստան-Իրաք գործարար համաժողով, որին մասնակցել են 60-ից ավել գործարարներ։
![]()