![]()
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում ասում է, որ տարիներ շարունակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր ընկերական բանավեճը հիմնականում մի հարցի է վերաբերում՝ բալանսավորման քաղաքականությո՞ւն, թե՞ վեկտորի փոփոխություն: Ըստ նրա՝ սա օգնում է և՛ իրեն, և՛ վարչապետին որոշակի հետևություններ անելու առումով:
Սարգսյանի նկատառմամբ՝ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանն իրեն ամբողջությամբ բացահայտել է, և եթե դա ավելի շուտ լիներ, հայկական կողմի կորուստներն ավելի քիչ կլինեին:
Քաղաքական գործիչը համոզված է, որ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով Հայաստանը կամաց-կամաց պոկվում է ՌԴ-ից, և սա այն ճանապարհն է, որ ՀՀ-ի զարգացման համար հնարավորություններ է բացում:
«Նրանք, ովքեր ասում են, որ այս փաստաթուղթը ոչինչ չի տվել, ուզում են մնալ ռուսական ծիրում: Միացյալ Նահանգներին այս ճանապարհը միանշանակ պետք է: Նրանք, ովքեր համարում են, որ սա Ադրբեջանը Նախիջևանին կապող ուղի է, ուրիշի ջրաղացին ջուր են լցնում: Սա միջին միջանցք է»,- ասում է նա՝ հավելելով, որ Եվրոպական զարգացման բանկի գնահատականներով՝ այս ճանապարհը տարեկան սպասարկելու է 50 միլիարդի ապրանքատեղափոխություն:
Սարգսյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Թուրքիայում հոդվածներ են հրապարակվում, ըստ որոնց՝ այս ծրագիրը իրենց դեմ են համարում, որովհետև կարծում են, որ «Մեծ Թուրանի» գաղափարը 100 տարով հետ ընկավ:
Ինչ վերաբերում է փախստականների հարցին, զրուցակիցը հիշեցնում է՝ Վաշինգտոնում հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահը ասել է, որ կզբաղվեն այդ հարցով, և Ալիևը լռել է, չի ասել, որ ԼՂ տարածքային միավոր չկա: Ըստ նրա՝ որևէ հայ ադրբեջանական անձնագրով ԼՂ չի վերադառնալու. «ԼՂ հարցի լուծման հնարավորությունները այս համաձայնագրով ավելի են մեծացել, քան ինչ հնարավոր էր ռուսներով»:
Սարգսյանը նաև ընդգծում է՝ բնականաբար, շուրջ 40 կմ-ի համար չէ, որ ԱՄՆ մտել է տարածաշրջան, ըստ քաղաքական գործչի՝ նա ՀՀ-ով կարգավորելու է Եվրոպա գնացող գազի խնդիրը:
Միաժամանակ Սարգսյանն ասում է՝ այնպես չէ, որ այս փաստաթղթով ամեն հարց լուծվում է, և դադարում է պատերազմի սպառնալիքը: Վերջինս այն համոզմանն է, որ պատերազմից խուսափելու հիմնական երաշխիքը քաղաքական ճիշտ գործընկերներ ունենալն է, ճիշտ դաշնակցային հարաբերություններ ձևավորելը:
«Պատերազմ Ադրբեջանը և Թուրքիան ուզում էին մի բանի համար, որ իրենց վերահսկողությամբ միջանցք ունենային, այդ հնարավորությունը 100 տարով հետաձգվել է, հետևաբար հետաձգվել է 100 տարով պատերազմ լինելու հնարավորությունը, մնացած ուղղություններով պատերազմ անելը անհեթեթություն է»,- կարծիք է հայտնում «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը:
Արամ Սարգսյանն ասում է՝ ծիծաղելի են նաև այն խոսակցությունները, թե Միացյալ Նահանգները սպասարկում է Թուրքիայի շահերը: Նա համոզված է, որ ԱՄՆ-ն սպասարկում է միայն ու միայն սեփական շահերը:
Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ սահմանը բացելուն, Սարգսյանը հույս է հայտնում, որ հայկական դիվանագիտությունը ԱՄՆ օժանդակությամբ կհասնի դրան:
Առավել մանրամասն՝ հարցազրույցում:
![]()