![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀՀԿ կուսակցության կարկառուն ներկայացուցիչներից Էդուարդ Շարմազանովի հայտարարություններից մեկին:
«ՀՀԿ-ական Շարմազանովը հայտարարում է, որ Հայաստանը իր անվտանգային ապագան պետք է կառուցի նախևառաջ Հյուսիս–Հարավ ուղղության շուրջ։ Եվ սա ասում է մի կուսակցության բարձրաստիճան պաշտոնյա, որի իշխանության օրոք, ըստ էության, ձախողվեց Հյուսիս–Հարավ միջազգային տրանսպորտային նախագիծը։
Հիշեցնենք, որ Հյուսիս–Հարավ նախագիծը մեկնարկել էր 2009 թվականին և պետք է ավարտվեր 2019-ին։ Սակայն 2019 թվականի դրությամբ նախատեսված 556 կմ ճանապարհից կառուցվել էր ընդամենը 31 կմ-ը, այն էլ՝ ամենադյուրին հատվածներում։ Ավելին, Հյուսիս–Հարավը դարձավ Հայաստանի պատմության ամենակոռումպացված նախագծերից մեկը, որում ներգրավված էին հենց Շարմազանովի շեֆերն ու քաղաքական գործընկերները։ Միայն 2018 թվականի հեղափոխությունից հետո բացահայտվեցին այդ կոռուպցիոն չարաշահումները, և Հյուսիս–Հարավ նախագծի աշխատանքները նոր թափ ստացան։
Եթե Շարմազանովը հայտարարում է, որ Հյուսիս–Հարավ ուղղությունը Հայաստանի անվտանգության ապագան է, ապա սա ինքնախոստովանություն է այն մասին, որ իրենց քաղաքական թիմը՝ ձախողելով Հյուսիս–Հարավ նախագիծը, իրականում ձախողել է նաև Հայաստանի անվտանգության ապագան։
Հ.Գ. Շարմազանովին և նրա շեֆերին հիշեցնեմ, որ Հայաստանը հաջողությամբ առաջ է մղում «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը ներառում է ոչ միայն Հյուսիս–Հարավ, այլև Արևելք–Արևմուտք ուղղությունները։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի անվտանգությունն ու տնտեսական զարգացումը կախված չեն լինելու միայն մեկ ուղղությունից, այլ հավասարակշռվելու են՝ զարգացնելով հարաբերությունները բոլոր ուղղություններով»,- գրել է Ղազարյանը:
![]()