ՀՀ քաղաքացու մեքենան գողացած վրացին Հայաստանում է. դեպքի առթիվ կա նախաձեռնված վարույթ. ՔԿ

Քաղաքացիներից մեկը՝ Աբրահամ Աշղյանը, գրառում է կատարել՝ պնդելով, որ օրեր առաջ տան բակից գողացել են իր մեքենան և ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ներկայացրել գողության մասին։ Ըստ նրա՝ ժամեր անց ինքն ու իր ընկերները գտել են մեքենան ցեխերի մեջ թաղված և ավերված վիճակում։

Վերջինիս պնդմամբ՝ զանգել է քննիչին, ասել՝ արի, սակայն քննիչն ասել է՝ ժամանակ չունի:

Ըստ քաղաքացու՝ մեկ օր հետո իր ուժերով գտել է գողին, որը վրացի է և Վրաստանի քաղաքացի:

«Քննիչը հենց սկզբից համոզում ա, որ գողը փող չունի և չի կարա վնասս փոխհատուցի։ Անցնում ա մի քանի օր, մեկ էլ տեղեկացնում են, որ գործը փակում են, որովհետև ըստ իրենց՝ սա չեն համարում գողություն շահադիտական նպատակներով։ Ասում ա՝ մարդը գողացել ա, որ տեղ գնա։ Եթե ուզում էս, գնա դիմի դատարան վնասիդ համար, բայց ոչ մի երաշխիք չկա, որ էդ ընթացքում վրացին չի լքի երկիրը հավերժ։ Այսինքն՝ վրացին եկավ, ավտոս գողացավ, ջարդեց ու ազատ արձակվեց, իսկ ես մնացի իմ կոտրած տաշտակի առջև ու մոտ 4000 դոլարի վնասը ինքս պետք ա կրեմ»,- պնդել է քաղաքացին:

Այնուհետև վերջինս հետգրությամբ հավելել է, որ Գլխավոր դատախազությունից կապվել են իր հետ, և հարցը լուծվել է շատ արագ։

Հարցի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը դիմել է Քննչական կոմիտե, որտեղից հայտնել են.

«Դեպքի առթիվ կա նախաձեռնված քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով (խոշոր չափերով գողությունը՝ տեխնիկական միջոցի, հատուկ հարմարեցված սարքավորման կամ այլ առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ այլ եղանակով գույքի պաշտպանության կամ պահպանման համար նախատեսված սարքավորումը, համակարգը, կառույցը կամ այլ միջոցը ոչնչացնելով, վնասելով կամ շրջանցելով): Քրեական վարույթը գտնվում է նախաքննության փուլում։ Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ