![]()
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ «Թրամփի երթուղի՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) ծրագիրը, նախևառաջ ենթադրում է ապաշրջափակում:
Ըստ նրա՝ Հայաստանի սահմանների 75 տոկոսն այսօր փակ է, սրանով, այսպես ասած, Հայաստանի տնտեսական թոքերը բացվելու են, ՀՀ-ն դառնալու է համաշխարհային առևտրի ուրույն մաս, որը բերելու է տնտեսական մեծ հնարավորություններ՝ ճանապարհային հարկեր, բազմաթիվ աշխատատեղեր և, իհարկե, խաղաղություն։
Անդրադառնալով իշխանության ընդդիմախոսների այն պնդումներին, թե «միջանցք» է տրվել՝ նախարարը շեշտում է՝ վաշինգտոնյան փաստաթղթում միջանցքի տրամաբանություն չկա:
«Արմեն Աշոտյանը և Իշխան Սաղաթելյանը հայտարարել են, որ եթե իրենք գան իշխանության, ապա այդ պայմանագիրը կչեղարկեն, մենք էլ ասում ենք, որ եթե մենք մնանք իշխանության, ապա կպահպանենք այս գիծը։ Մենք ասում ենք, որ այս փաստաթուղթը բերելու է խաղաղություն, իրենք ասում են՝ բերելու է պատերազմ, մեր ժողովուրդը կընտրի կա՛մ ՀՀԿ-ի ու Դաշնակցության բերած պատերազմը, կա՛մ «Քաղաքացիական պայմանագրի» խաղաղությունը: Այս մարդիկ ասում են, որ մեզ պետք չէ խաղաղություն, պիտի անպայման լինենք կոնֆլիկտի կողմ և գործիք այլ երկրների ձեռքում»,- ասում է նա:
Ընդդիմությունը պնդում է, որ պետք է վերադառնալ Նոյեմբերի 9-ի հայտարարությանը, այսինքն՝ ռուսական միջնորդությանը, Պապոյանն ընդգծում է. «Բա որ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը այդքան լավ փաստաթուղթ էր, 2020 թվականի նոյեմբերի 9-ին ինչո՞ւ էին ՀՀԿ-ական և դաշնակցական հրոսակախմբերը մտնում Կառավարության շենք և ջարդուփշուր անում այն, ինչո՞ւ էին մտնում վարչապետի կեցավայր և, օրինակ, գողանում ժամացույց, ոսկեղեն, օդիկոլոն և նմանատիպ բաներ: Բա որ այդքան լավ փաստաթուղթ էր, ինչո՞ւ էին պնդում, որ պետք է գնալ արտահերթ ընտրությունների և փոխել այն «ապիկար» իշխանություններին, որը Նոյեմբերի 9-ի փաստաթուղթ է ստորագրել, վերջում էլ գնացին ընտրության ու պարտվեցին»:
Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին, մասնավորապես նրան, որ իշխանությունն այնքան էլ լավ չի կազմակերպում ԼՂ տեղահանված բնակչության խնդիրների լուծման գործընթացը՝ Պապոյանն ասում է՝ ըմբռնումով է մոտենում 80-ն անց թոշակառու մարդուն. նա կարող է իրեն այդպիսի մտքեր թույլ տալ: Վերջինս կարծում է, որ այլևս չարժի մեկնաբանել այդ մարդուն, որովհետև եթե նախկինում նրա շատ մտքեր տրամաբանության սահմանում էին, ապա այժմ ոչ այնքան:
Անդրադառնալով Սամվել Կարապետյանի պաշտպանական խմբի և որոշ շրջանակների այն պնդումներին, թե Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալ է՝ Պապոյանը նկատում է. «Եթե Սամվել Կարապետյանն ասում է՝ «ես քաղբանտարկյալ եմ» և զուգահեռ դպրոցական պայուսակներ է բաժանում, նշանակում է, որ սա ընտրակաշառք է: Եթե Սամվել Կարապետյանն ասում է՝ «ես քաղաքականության հետ ի՞նչ կապ ունեմ, ընդամենը պայուսակ եմ բաժանում», հետևաբար այդտեղ միգուցե կա ինչ-որ բարեգործության կտոր, բայց դա նշանակում է, որ ինքն այլևս քաղբանտարկյալ չի կարող համարվել և պետք է առնչվի այն մեղադրանքների հետ, որ իրեն առաջադրվել են»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()