![]()
Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի խոսքով՝ Հայաստանն ու Իրանը ունեն փոխադարձ հետաքրքրվածություն, որպեսզի հարաբերությունները զարգանան:
Նա նկատում է՝ Իրանը հայտարարել է, որ բոլոր այն մտահոգությունները, որոնք կային «Թրամփի ուղու» հետ կապված, այլևս չկան. «Հայկական կողմը բազմիցս ապացուցել է, որ որևէ քայլ կամ գործողություն ուղղված չէ Իրանի դեմ»:
Ըստ քաղաքագետի՝ «Խաղաղության խաչմերուկ»-ի շրջանակում ՀՀ-ն պատրաստ է աշխատել բոլորի հետ, այդ թվում՝ ՌԴ-ի. «Եվ այստեղ վերջանում են այն խոսակցությունները, թե այս քայլերը ՌԴ-ի դեմ են ուղղված»:
Զրուցակիցը միաժամանակ ընդգծում է՝ հայաստանյան որոշ շրջանակներ փորձում են այս քայլերը ներկայացնել իբրև ՌԴ-ի և Իրանի դեմ ուղղված գործողություններ, ապա հիշեցնում է. «Այս ամենը ողջունել է նաև ՌԴ-ն՝ ասելով՝ այն, ինչ լավ է ՀՀ-ի համար, լավ է նաև ՌԴ-ի համար: Այլ հարց է, թե որքանով են անկեղծ»:
Քաղաքագետի նկատառմամբ՝ տարիներ շարունակ ՌԴ-ն տարածաշրջանը պահել է փակ, կոնֆլիկտի մեջ. «Արդեն բոլորն են հասկացել, թե ինչ դերակատարում է ունեցել ՌԴ-ն հայ-ադրբեջանական կոնֆլիկտում, և ինչի համար ԼՂ-ն վաճառեց թուրքերին»:
Զրուցակիցը միաժամանակ նկատում է, որ այժմ Ռուսաստանը մնացել է տարածաշրջանում կոտրած տաշտակի առաջ:
Ինչ վերաբերում է ընդդիմության այն պնդումներին, թե պետք է վերադառնալ Նոյեմբերի 9-ի փաստաթղթին, Ստեփանյանն ասում է. «Նոյեմբերի 9-ի թղթի կտորին անհնար է վերադառնալ»:
Մեկնաբանելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն պնդումները, թե գործող իշխանությունը լավ չի կազմակերպում ԼՂ բնակչության հարցերի լուծումը՝ Ստեփանյանը նշում է. «Լևոն Տեր-Պետրոսյանը ուզում է ավելի կաթոլիկ լինել, քան Հռոմի պապը: Նրա կառավարման տարիներին իմ ընտանիքը որպես փախստական մի կոպեկի օգնություն չի ստացել: Չեմ հասկանում՝ ինչու է նա պաշտպանում ՌԴ-ին․ ՌԴ-ն մեզ վաղուց «քցել է», այդ թվում՝ իրեն»:
Անդրադառնալով ՀՀ-ում կալանավորված միլիարդատեր Սամվել Կարապետյանի և նրա թիմի քայլերին, որոնցից մեկով սեպտեմբերի 1-ին գյուղաբնակ բոլոր առաջին դասարանցիներին պայուսակներ են նվիրելու՝ վերջինս հիշեցնում է. «Ժամանակին էլ Գագիկ Ծառուկյանն էր կարտոֆիլ բաժանում, շիֆր, չգիտեմ ինչ»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()