![]()
Թեհրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր Մովսես Քեշիշյանի կարծիքով՝ Իրանում արդեն կա հստակ հասկացվածություն, որ Հայաստանն Ադրբեջանին ոչ թե միջանցք է տալիս, այլ ճանապարհ՝ Նախիջևանի հետ կապ ունենալու համար։
Քեշիշյանի դիտարկմամբ՝ Իրանի ներսում որոշ ուժեր փորձեցին այդ հարցի շուրջ լարվածություն մտցնել, սակայն պաշտոնական Թեհրանից եկող հայտարարություններից պարզ է դառնում, որ Իրանի մտահոգությունները փարատվել են: «Հայաստանը վստահեցրել է, որ որևէ հակաիրանական քայլ չի լինելու, բոլոր մտահոգությունները հաշվի են առնվում, այնպես որ որևէ խնդիր չկա։ Ըստ երևույթին՝ իրանական կողմը գոհ է մնացել բոլոր այդ բացատրություններից»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։
Մեր զրուցակիցը հիշեցնում է Իրանի նախագահի ավելի վաղ արած հայտարարությունները, թե հարցն արհեստականորեն ուռճացվում է, և որևէ խնդիր չկա: «Հայ-իրանական հարաբերություններում կարևոր է աշխուժացնել Հյուսիս-հարավ ճանապարհը, նաև Հայաստան-Իրան համապարփակ ռազմավարական համաձայնագրի կնքումը, որը կփարատի բոլոր տեսակ մտահոգությունները»,- նկատեց նա։
Քեշիշյանի խոսքով՝ Իրանը ևս կօգտվի ապաշրջափակման հնարավորությունից, չմասնակցությունը կվնասի հենց իրեն. «Կարող եմ ասել՝ իրանական կողմը ծուլություն է ցուցաբերել Հյուսիս-հարավ ճանապարհի հարցում, բայց այսօր հասկանում են՝ ռազմավարական ճանապարհ է, նաև այլընտրանք է, որ դրանով կարող է կտրել թուրքական ճանապարհը, կամրապնդի իր դիրքերը տարածաշրջանում»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
![]()