Վաշինգտոնն առաջարկեց լուծում, իսկ Մոսկվան՝ պատուհան առանց ելքի

Նրանք, ովքեր տարիներ շարունակ պաշտպանում էին նոյեմբերի 9-ի հայտարարության տխրահռչակ 9-րդ կետը, այսօր իրենց պատեպատ են տալիս նույն գաղափարի արևմտյան տարբերակի դեմ։ Խոսքը կրկին ճանապարհների բացման մասին է, բայց այս անգամ՝ առանց ռուսական վերահսկողության։

Իրականում այստեղ սկզբունք չկա։ Խնդիրը բովանդակությունը չէ, այլ թե ով է նախաձեռնողը։ Եթե առաջարկը գալիս է Մոսկվայից՝ ընդունվում է որպես «պատմական հնարավորություն»։ Եթե Վաշինգտոնից՝ դատապարտվում որպես դավաճանություն։ Սա հիշեցնում է ռուսական քարոզչության տիպիկ տրամաբանությունը՝ երբ գործընթացի իմաստը կորչում է, և գերակայում է միայն՝ «ով» հարցը։

Ի տարբերություն ռուսական նախաձեռնության, որն առ այսօր հիմնականում մնացել է թղթի վրա, Վաշինգտոնյան փաստաթուղթը դիտարկվում է որպես կառուցողական և գործնական մոտեցում։ Այն առաջարկում է իրական ապաշրջափակում՝ առանց «միջանցքային» վտանգավոր ձևակերպումների, առանց Հայաստանի ինքնիշխանության զիջման, և ամենակարևորը՝ առանց ռուսական վերահսկողության։

ԱՄՆ-ի միջնորդությամբ առաջարկվող ձևաչափում առաջնային է երկրների փոխադարձ ճանաչումը, սահմանների անխախտելիությունը և միջազգային իրավունքի հենքով համագործակցությունը։ Սա արմատապես տարբերվում է ռուսական մոտեցումից, որը, ինչպես ցույց է տվել պրակտիկան, կառուցված է ոչ թե ապաշրջափակման, այլ վերահսկողության պահպանման վրա։ Ռուսաստանն ապաշրջափակման գաղափարն օգտագործել է որպես գործիք՝ տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանելու համար։ Տարիներ շարունակ խոսվել է ճանապարհներ բացելու մասին, սակայն դրան զուգահեռ՝ փակվել են Հայաստանի սահմաններն ու միջազգային ելքերն։ Հայաստանը մնացել է փակ խաղադաշտում, որտեղ ցանկացած նոր կապ պետք է անցնի ռուսական վերահսկողությամբ։ Այս մոդելն իրեն սպառել է։

Վաշինգտոնյան փաստաթուղթը Հայաստանի համար իրական ընտրություն է՝ ոչ թե ուղղակի միացում արևմտյան նախագծին, այլ՝ ինքնիշխան քայլ՝ հանուն կայուն ապագայի։ Սա ոչ թե «օտար միջամտություն» է, այլ տարբերակ՝ դուրս գալու ռուսական մենաշնորհից և բացելու ճանապարհ դեպի բազմակողմ շահերի բալանս։

Ի վերջո, խնդիրն այն չէ, թե ով է բացում ճանապարհը։ Խնդիրը պետք է լիներ՝ արդյոք այդ ճանապարհը տանում է Հայաստանի անվտանգության, տնտեսական զարգացման ու անկախության ուղիով, թե՞ վերածվում է մեկ այլ ուժի շահերի սպասարկման միջանցքի։
Վաշինգտոնյան նախագիծը Հայաստանի առաջ դնում է միակ տրամաբանական և հեռանկարային ընտրությունը՝ կապվել ոչ թե մեկ ուժի շահերով, այլ՝ միջազգային իրավունքի վրա հիմնված գործակցության դաշտով։ Այս նախաձեռնությունը շրջադարձային է ոչ միայն ճանապարհների բացման տեսանկյունից, այլ՝ որպես հստակ ուղի՝ Հայաստանի անկախ արտաքին քաղաքականության ձևավորման համար։

Եթե Մոսկվան տարիներ շարունակ օգտագործել է ճանապարհների թեման որպես լծակ՝ Հայաստանը իր ազդեցության տակ պահելու համար, ապա Վաշինգտոնն առաջարկում է հակառակ մոդել. փոխադարձ հարգանք, հստակ իրավական հիմք, տարածքային ամբողջականության ճանաչում և երկարաժամկետ կայունություն։ Սա այն դեպքն է, երբ ճանապարհ բացելը նշանակում է ոչ թե զիջում, այլ ուժ՝ ոչ թե վերահսկվող կապ, այլ հենարան իրական տնտեսական ու դիվանագիտական առաջընթացի համար։
Հայաստանին տրված է հազվագյուտ հնարավորություն՝ դուրս գալ «աշխարհաքաղաքական պատանդի» կարգավիճակից և իր մասնակցությամբ ձևավորել նոր տարածաշրջանային ճարտարապետություն, որտեղ որոշումներն ընդունվում են սուվերեն դիրքից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ