![]()
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում ավարտվել է «Սրբազան շարժման» առաջնորդ Վազգեն Գալստանյանի և շարժման մյուս մասնակիցների գործով դատական առաջին նիստը։
Հաջորդ նիստը տեղի կունենա վաղը՝ օգոստոսի 20-ին՝ ժամը 14։30-ին, Շենգավիթի դատարանում։ Երկրորդ նիստում դատավորը կքննի ամբաստանյալների խափանման միջոցը փոխելու հարցը։
Գալստանյանն այս նիստի ընթացքում դատարանին խնդրել է իրեն այլևս չդիմել Վազգեն քաղաքացիական անունով․ նա նշել է, որ 1995 թվականից ինքը դարձել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան, իսկ Վազգեն Գալստանյանը նույն տարում մահացել է:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Գալստանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր կողմից նախաձեռնված և ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած՝ նպատակադրվել է իշխանությունը ստանձնելու իր նպատակն իրագործել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով:
Այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների՝ Մովսես Շարբաթյանի, Հայկ Շահնազարյանի, Տիգրան Թոփալյանի, Լիդիա Մանթաշյանի, Հրայր Հակոբյանի, Կարո Օկումուշյանի, Արթուր Սարգսյանի, Իգոր Սարգսյանի, Արա Ռոստոմյանի, Արսեն Ղազարյանի, Արման Իսրայելյանի, Աղվան Արշակյանի, Արմեն Ալեքսանյանի, Միհրան Մախսուդյանի, Դավիթ Գալստյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում, ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել՝ նախկին ոստիկաններ ու զինվորականներ:
Հրապարակվել են այս ամենը հաստատող ձայնագրություններ ևս, որոնցում տարատեսակ ցուցումներ է տալիս, պլաններ ներկայացնում հենց Գալստանյանը: Վերջինս, դատարանի որոշմամբ, 2 ամսով կալանավորվել է:
Հիշեցնենք՝ հունիսի 28-ին հրապարակվել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական որոշումը: Աջապահյանը կալանավորվել է 2 ամսով:
![]()