Մենք մեր հարևաններին խաղաղություն և հանգստություն ենք ցանկանում, հատկապես՝ կարևոր հարևան Հայաստանին. Փեզեշքիան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով։

Իր խոսքում Իրանի նախագահը նշել է, որ Հայաստանը Իրանի կարևոր հարևաններից է և պատմությունը վկայում է հարաբերությունների խոր արմատների մասին։

«Իրանի հայ համայնքի ներկայությունը Իրանում, հատկապես սահմանակից հատվածներում, խոսում է մեր քաղաքակրթական և մշակութային ընդհանրությունների, ինչպես նաև սահմանների երկու կողմում բարեկամության ամուր կապերի մասին: Մեր սահմանն անցյալ տարիների ընթացքում եղել է բարեկամության և ժողովուրդների միջև կապի կամուրջ:

Ուզում եմ ընդգծել, որ մենք մեր հարևաններին խաղաղություն և հանգստություն ենք ցանկանում, հատկապես՝ մեր հարևան պետություն Հայաստանի համար: Եվ գտնում ենք, որ ինտեգրացիան, ինչպես նաև բարեկամությունը լավագույն գործոններն են անվտանգության պահպանման համար, ինչպես նաև դեպի զարգացման ուղով շարժվելը։

Մենք միշտ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պաշտպանել ենք, և դա մեր քաղաքականությունն է: Եվ դեմ ենք տարածաշրջանում ցանկացած ուժի կիրառմանը: Գտնում ենք, որ տարածաշրջանում ղեկավարումը պետք է լինի կովկասյան, և խնդիրների արտահանձնումը տարածաշրջանից դուրս արտատարածաշրջանային տերություններին՝ տարածաշրջանի իրավիճակը ավելի կբարդացնի:

Խաղաղությունը Կովկասում՝ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմավարական առաջնահերթություն է, և մենք աջակցում ենք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները:

Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը եղել է տարածաշրջանում, Կովկասում սահմանների անփոփոխության մասին, և գտնում ենք, որ այդ փոփոխությունները կարող են գեոպոլիտիկ մրցակցության պատճառ դառնալ:

Իրանի Իսլամական Հանրապետությունը ցանկանում է Հայաստանի հետ բոլոր ոլորտներում իր հարաբերությունները զարգացնել և հասցնել ռազմավարական մակարդակի։

Հարգարժան պարոն վարչապետի հետ ունեցել ենք հիանալի քննարկումներ: Այսօր փաստաթղթեր ստորագրվեցին և դրա արդյունքում նաև ընդգծվել է փոխադարձ այցերի կարևորությունը: Մենք մեծ կամք ունենք զարգացնելու համագործակցության մակարդակը, հատկապես՝ տնտեսական ոլորտում: Երկու երկրները տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տրանսպորտի, էներգետիկայի, ինժեներատեխնիկական ծառայությունների, մշակութային և առողջապահության, դեղագործության ոլորտում համագործակցության ներուժ ունեն:

Իրանը և Հայաստանը Պարսից ծոց-Սև ծով, միջանցքի ակտիվացման հարցում ունեն ընդհանուր շահեր: Տարանցիկ երկաթգծի, ցամաքային և ծովային ճանապարհի զարգացումը կնպաստի երկու երկրների միջև առևտրի զարգացմանը, ընդհանուր տնտեսական ազատ գոտիների ստեղծմանը: Դրանք համարվում են մեր երկու երկրների համագործակցության ոլորտները, որոնց շուրջ մենք կառուցողական երկխոսություն ենք ունեցել։

Եվ մենք նաև ընդգծել ենք սահմանների անվտանգության հարցը:

Ես ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ջերմ ընդունելության համար: Հայաստանի ժողովրդին ցանկանում եմ քաջառողջություն և երջանկություն: Ցանկանում եմ նաև վարչապետին շուտով հյուրընկալել Իրանում»,- ասել է Փեզեշքիանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ