![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հրապարակավ ներկայացրեց իր քաղաքական տեսլականը՝ այն ուղին, որով մտադիր է առաջնորդել Հայաստանը մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները և գուցե նաև դրանից հետո, եթե հաղթի ընտրություններում։ Նրա ուղերձը հստակ է՝ խաղաղության հաստատում և հարաբերությունների կարգավորում Ադրբեջանի հետ։ Ըստ Փաշինյանի՝ սա հնարավոր չէ առանց Լեռնային Ղարաբաղի հարցը «փակելու»։
Այս հայտարարությունը բուռն արձագանքներ առաջացրեց քաղաքական դաշտում։ Ոմանք այն ընկալեցին որպես անընդունելի զիջում, իսկ մյուսները՝ որպես միակ իրատեսական ելք՝ պատերազմից հետո առաջացած ծանր վիճակից։ Սակայն մի բան ակնհայտ է՝ իշխանությունը ներկայացնում է հստակ մոտեցում և առաջարկում է լուծումների ուղի, ինչը չի կարելի ասել ընդդիմադիր դաշտի մասին։
Ավելի քան հինգ տարի ընդդիմադիր ուժերն ու գործիչները շարունակում են նույն պահանջը՝ վարչապետի հրաժարական։ Սակայն դրանից դուրս հստակ ծրագրեր կամ ռազմավարական առաջարկներ հանրությանը գրեթե չեն ներկայացվել։
Այն հարցերը, որոնք օրակարգային են՝ Ղարաբաղի ճակատագիրը, սահմանների անվտանգությունը, Ադրբեջանի հետ հարաբերությունները, միջազգային քաղաքականության մեջ Հայաստանի դիրքը՝ մնում են անպատասխան ընդդիմադիր հատվածում։
Եթե ընդդիմությունը ցանկանում է վերադառնալ իշխանության, ապա անհրաժեշտ է ներկայացնել հստակ լուծումներ։
Ո՞րն է նրանց ճանապարհային քարտեզը։
Ի՞նչ են առաջարկում Ղարաբաղի հարցում։
Արդյո՞ք պատրաստվում են վերանայել առկա իրավիճակը, թե ընդունում են այն որպես փաստ։
Ինչպե՞ս են պատկերացնում հարաբերությունների կարգավորումը հարևանների հետ։
Այս և նմանատիպ հարցերը մնում են օդում կախված՝ առանց հստակ պատասխանների։
Ընդդիմությանը, որը 5 տարի շարունակ նույն երգն է երգում՝ Փաշինյանը պետք է հեռանա ու վերջ։ Լավ, ենթադրենք Փաշինյանը հեռացավ կամ հեռացրեցիք և դուք եկաք իշխանության՝ ինչպե՞ս եք պատկերացնում այն հարցեր ու խնդիրների լուծումները, որոնք երկրի առաջ ծառացել են 2020-ի պարտությունից հետո։ Ղարաբաղը ո՞նց ու ում միջոցով եք հետ բերելու, կամ արդյո՞ք հետ եք բերելու, թե՞ գալու եք ասեք «դե նա արդեն տվել էր մենք ինչ կարող ենք անել»։ Կամ՝ ո՞նց եք պատկերացնում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը՝ պե՞տք է հարաբերությունները կարգավորել, թե՞ պետք է միշտ «սուր ճոճել»։ Այս հարցերի պատասխանը ընդդիմությունը պետք է տա, եթե իհարկե ունի։ Փոխարենը՝ ընդդիմադիրներն ու հակաիշխանական քարոզիչները զբաղված են դատարկ ու լայքահավաք քննադատությամբ։
![]()