Եվրոպացի առաջնորդների հետ լավ հանդիպում ունեցանք, ավարտից անմիջապես հետո ես զանգահարել եմ Պուտինին. Թրամփ

«Սպիտակ տանը ես շատ լավ հանդիպում ունեցա պատվավոր հյուրերի՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Ֆրիդրիխ Մերցի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։»:

Այս մասին իր սոցցանցի էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նա նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, որոնք կտրամադրվեն տարբեր եվրոպական երկրների կողմից՝ համաձայնեցմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։

«Բոլորը շատ ուրախ են Ռուսաստանի և Ուկրաինայի՝ խաղաղության հնարավորության համար։

Հանդիպումների ավարտից հետո ես զանգահարեցի նախագահ Պուտինին և սկսեցի նախագահ Պուտինի և նախագահ Զելենսկու միջև հանդիպման կազմակերպումը, օրը դեռ որոշվելու է։

Այդ հանդիպումից հետո մենք կունենանք եռակողմ հանդիպում, որը կլինի երկու նախագահի և իմ մասնակցությամբ։ Կրկին, սա շատ լավ քայլ էր գրեթե չորս տարի տևող պատերազմի համար։

Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը համակարգում են աշխատանքները Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։ Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար»,-գրել է Թրամփը։

Ավելի վաղ կայացել էին Թրամփի և Զելենսկիի, ինչպես նաև Թրամփի, Զելենսկիի ու եվրոպացի առաջնորդների հանդիպումները։

Հանդիպումից հետո Թրամփը զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Ամերիկյան պատվիրակության անդամները հայտնել են, որ և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան ստիպված կլինեն տարածքային զիջումների գնալ՝ խաղաղ համաձայնության հասնելու համար։

Հայտնի է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է նախապատրաստվել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու բանակցություններին: Զելենսկին համաձայնել է Պուտինի հետ հանդիպել ցանկացած ձևաչափով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ