![]()
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 18-ին ընդունել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Մոհամմադ Աթաբաքի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ԻԻՀ-ում ՀՀ-ի առևտրական կցորդ Հայկ Նազարյանը։
«Ողջունելով հյուրերին՝ Գևորգ Պապոյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի Իսլամական Հանրապետության հետ բարիդրացիական հարաբերությունները և տեսնում է համագործակցության լայն հորիզոն՝ ինչպես պետական մակարդակում, այնպես էլ բիզնես համայնքների միջև։
![]()
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը, առևտրաշրջանառության ավելացմանը, գործարար կապերի ամրապնդմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
Անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրին։ Այս համատեքստում Գևորգ Պապոյանը նշել է․ «ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի ուժի մեջ մտնելը մեծ առաջընթաց է ԵԱՏՄ-Իրան համագործակցության համար։ Այս պայմաններում Հայաստանը դառնում է Իրանի մուտքի հարթակ դեպի ԵԱՏՄ-ի լայն միասնական շուկա, ինչն առանձնապես բարձրացնում է ՀՀ–ԻԻՀ երկկողմ օրակարգի ռազմավարական կարևորությունը»։
Զրուցակիցները մտ
քեր են փոխանակել առևտրի սահուն հոսքի և լոգիստիկայի, գյուղատնտեսական ապրանքների անվտանգ շրջանառության, մասնավորապես՝ սահմանային բուսասանիտարական և անասնաբուժական գործընթացների պարզեցման, ստանդարտների և տեխնիկական համապատասխանության ապահովման շուրջ։
Կողմերը պայմանավորվել են ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը գործնական հիմքի վրա կդնի արդյունաբերության և առևտրի ոլորտում նախատեսվող համատեղ նախագծերը»,- ասվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության մեջ:
![]()