![]()
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի կարծիքով՝ շատ դժվար կլինի վերջնական եզրակացության գալ ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հանգուցալուծման հարցում, սակայն ըստ նրա՝ այնուամենայնիվ, գործընթացը սկսված է, և հաշվի առնելով Թրամփի՝ խաղաղություն հաստատելու մեծ ջանքերը՝ աշխարհը որոշակի հանգուցալուծման կսկսի գալ:
Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում՝ անդրադառնալով Թրամփ-Պուտին հանդիպմանը:
Ինչ վերաբերում է Հայաստանին, առավել ևս այդքան բաղձալի փաստաթղթի ստորագրմանը, ապա Բադալյանը ընդգծում է, որ դա ևս կարելի է դիտարկել Թրամփի՝ աշխարհում խաղաղություն ստեղծելու ձգտման շրջանակներում. «Սակայն ՀՀ քաղաքացու համար կարևոր չէ, թե ինչպես դա կփաթեթավորվի, որովհետև մենք շատ երկար ժամանակ ձգտել ենք խաղաղության և քաջ գիտակցում ենք, թե որքան անհրաժեշտ է տևական խաղաղությունը ՀՀ-ին, որպեսզի կարողանանք ոտքի կանգնել և ի վերջո կերտել մեր երազանքի երկիրը»:
Պատգամավորն այն համոզմանն է, որ որքան էլ համաձայնագիրը քննադատվի, ընդդիմությունը փորձի տարբեր ձևերով նսեմացնել, մեծ ու պատմական իրադարձություն է եղել, և թերևս վերջին շրջանում լավագույն բանն է, որ կարող էր հայ ժողովրդի հետ կատարվել:
Բադալյանը նաև նկատում է. «Ցավոք, մենք պատերազմ ենք պարտվել, բայց որպես պարտվող կողմ որևէ բան չենք զիջել: Անընդհատ խոսում են զիջումների մասին և շատ հետաքրքիր է, որ սկսում են համեմատական անցկացնել Նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ: Ես ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել՝ այն, որ ընդդիմությունն այսօր կողմ է արտահայտվում Նոյեմբերի 9-ի փաստաթղթին, խնդրում եմ հիշեք, թե Նոյեմբերի 9-ի փաստաթղթի կնքումից հետո որքան մահափորձեր եղան իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, ինչպես ամբողջ ընդդիմությունը ներխուժեց թե՛ Կառավարություն, թե՛ Ազգային ժողով, թե՛ իշխանության ներկայացուցիչների բնակարաններ, համարեց դա մեծագույն ողբերգություն: Ինչպե՞ս է ստացվում, որ այսօր Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը նոր փաստաթղթի հետ համեմատությամբ դառնում է ինչ-որ բաղձալի մի բան, և հիմա էլ սկսում են քննադատել ԱՄՆ-ում ստորագրված եռակողմ համաձայնագիրը: Վաղը միանշանակ սա է դառնալու մի «աննախադեպ» հրաշք, և մեկ այլ իրադարձություն են քննադատելու դրա ֆոնին»:
Պատգամավորը շեշտում է՝ վաշինգտոնյան փաստաթուղթը Հայաստանին բերելու է ապաշրջափակում, ընդ որում՝ ՀՀ ինքնիշխանության, իրավազորության, օրենքների շրջանակներում. «Մենք որևէ բան չենք զիջել, մենք ունենք մի փաստաթուղթ, որով «միջանցք» հասկացությունը այլևս գոյություն չունի, ունենք բացվող ճանապարհներ փոխադարձության սկզբունքով, այսինքն՝ այն բոլոր օգուտները, որ ունենալու է Ադրբեջանը, նույն օգուտները ունենալու ենք նաև մենք, և այս իմաստով կարծում եմ, որ իրար պիտի շնորհավորենք քննադատելու փոխարեն»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()