Կա՛մ մինչև տարեվերջ նոր վերամշակման գործարանի մրցույթը կկայանա, կա՛մ կադրային որոշումներ կկայացնեմ. Ավինյան (տեսանյութ)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի՝ օգոստոսի 18-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձել է Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհին։

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը մանրամասնելով հայտնել է, որ օգոստոսի 9-ի առավոտյան արդեն կրակը մարված է եղել, բայց աղբավայրը շարունակել է ծխալ։

«Առավոտ շուտ Ձեր հանձնարարականից հետո անմիջապես մոբիլիզացվել են քաղաքապետարանի բոլոր ռեսուրսները, ԵԱՍՄ հիմնարկը ողջ շարժակազմով ու անձնակազմով աշխատանքը տեղափոխել է աղբավայր: 12 վարչական շրջաններն առանց բացառության 9 օր շարունակ աջակցել են այդ աշխատանքներին։

Օրական աշխատել է 20-22 միավոր տեխնիկա, հողի ծածկույթով տարածքը լցնելու համար պահանջվեց 9 օր, երեկ՝ կիրակի օրվա դրությամբ տարածքն ամբողջությամբ ծածկվել է հողով, 9 օրում աղբավայր է տեղափոխվել 2450 մեքենա հող։ Փոքր բաներ են մնացել, որ հիմա շարունակում են աշխատանքները»,- ասել է Արեյանը։

Արձագանքելով կատարվածին, քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, թե «Ինչպես հաճախ տեղի է ունենում, շարունակում են պայքարել հետևանքների դեմ, բայց տևական ժամանակ է՝ կան քննարկումներ, տարատեսակ միջազգային ծրագրերով չստացված փորձեր։

«Բայց ինչ-որ մի փուլի ենք հանգել, որ պետք է իրականացնենք նոր վերամշակման գործարանի երկփուլ մրցույթ, և անկեղծ ասած՝ ես շատ մտահոգված եմ, որ որոշակի պարբերականությամբ այս միջավայրում չեմ լսում, թե ինչ է տեղի ունենում մրցույթի հետ կապված:

Այսպես կդնեմ հարցը. կամ մինչև տարեվերջ մրցույթը կկայանա, կամ ես արդեն համապատասխան կադրային որոշումներ կկայացնեմ, որովհետև սա Երևան քաղաքի ամենակարևոր, ամենադժվարին հարցերից մեկն է, և այստեղ այլևս հապաղել մենք չենք կարող»,- ասել է նա:

Քաղաքապետը եզրափակել է, որ մինչև տարեվերջ պետք է բերել հստակ վերջնական լուծումով հաղթող կազմակերպությամբ կայացած մրցույթ, այլևս ոչ մի րոպե ավել չեն կարող դրան սպասել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ