![]()
ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված համատեղ Հռչակագրին, նկատում է՝ եթե կարճ, ապա դա կայուն ճանապարհ է դեպի խաղաղություն, որովհետև սա միայն հայ-ադրբեջանական համատեղ գործընթաց չէ, այս գործընթացի մասն է կազմում նաև ԱՄՆ նախագահի ինստիտուտը, և սա երաշխիք է նրա, որ կողմերը իրական ցանկություն ունեն գնալու դեպի խաղաղություն:
Վարդանյանի դիտարկմամբ՝ տարածաշրջանը հակամարտությունների տարածաշրջանից վերածել խաղաղության տարածաշրջանի հեշտ գործ չէ, բայց կամքի և ցանկության դեպքում դա հնարավոր է:
Խոսելով 2020 թվականին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված եռակողմ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին՝ Վարդանյանն ասում է՝ դա այդուհանդերձ զինադադար էր, և առանց որևէ կարգավիճակային հարցերի հստակեցման նախատեսվում էր ռուսական վերահսկողության ներքո ճանապարհների առկայություն: Իսկ այս փաստաթղթի տարբերությունը, ըստ Վարդանյանի, այն է, որ կողմերը, ըստ էության խաղաղ պայմաններում հաշվի առնելով անցյալի դառը փորձը, կարողացել են փոխադարձաբար ընդունելի փաստաթուղթ ստորագրել, որը երաշխավորված խաղաղության է տանում:
Խոսելով Ռուսաստանի դերակատարման մասին՝ պատգամավորը նկատում է՝ Ռուսաստանի մոտեցումն այստեղ շատ հստակ էր. «Մենք կանք, տարածաշրջանում ենք և պետք է լինենք ձեր հիմնական գործընկերը», ապա ավելացնում. «է լինեի՛ք»:
Ըստ Վարդանյանի՝ մեր ռազմավարական դաշնակիցը այլ առաջնահերթություններ ուներ, իսկ մենք այն վիճակում ենք, որ մեր շահերը պետք է տանենք առաջ՝ անկախ նրանից՝ այդ շահերը համընկնո՞ւմ են մեր ռազմավարական դաշնակցի հետ, թե՞ ոչ: Վարդանյանը համոզված է՝ միակ հնարավորությունը ունենալու զարգացած տարածաշրջան, դա ապահովելն է խաղաղությունը տարածաշրջանում:
Այս փաստաթուղթը, Վարդանյանի պնդմամբ, նոր կյանքի, նոր հնարավորությունների և զարգացման մասին է: Ինչ վերաբերում է բոլոր նախկին նախագահներին, պատգամավորն ասում է. «Բոլորդ ունեցել եք հնարավորություն ունենալու ձեր կարծիքով ավելի լավ խաղաղություն, զարգացում, ոչ ոք ձեր ձեռքը չէր բռնել, ոչ ոք ձեզ չի ստիպել հրաժարական տալ, կամ չմասնակցել այս գործընթացին, չի կարելի մեղադրել մեզ, Կառավարությանը, որ գնում ենք դեպի խաղաղություն. ավելի լավն էիք, պինդ էիք, անեի՛ք»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()