![]()
Այսօր, երբ Հայաստանի Հանրապետության վարչապետն աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, երբ նախատեսված է հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, և փաստացի այսօր չափազանց մոտ է Հայաստանի համար խաղաղության և զարգացման դարաշրջանի բացումը, Հայաստանում գործող օտար գործակալական ցանցը ու դրա էժանագին գործիքները փորձում են ամեն կերպ ստվերել գործընթացը:
Այս մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ «Ֆեյսբուք»-ի տեսաուղերձում:
«Փորձում են անվանարկել պրոցեսը իբր զիջում, անվանակելով տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը իբրև «միջանցքի» տրամադրում: Այնինչ հստակ է, որ Հայաստանի Հանրապետությունը գնում է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման միայն ու բացառապես Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և, ինչը պակաս կարևոր չէ, իրավազորության հարգմամբ:
Այսինքն, Հայաստանով անցնող ցանկացած ճանապարհ մնալու է Հայաստանի տարածքային ամբողջականության շրջանակներում, ինքնիշխանության շրջանակներում և իրավազորության շրջանակներով:
Էնպես որ, քանի դեռ օտարերկրյա գործակալական ցանցը կաղկանձում է, Հայաստանը վերջապես մոտենում է խաղաղության և զարգացման դարաշրջանին»,- հայտարարել է նա:
Օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնի ժամանակով 14:30-ին, իսկ Հայաստանի ժամանակով 22:30-ին, տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առանձին հանդիպումը:
Դրան կհաջորդի Թրամփի ու Ալիևի հանդիպումը, իսկ այնուհետև ՀՀ ժամանակով 00:00-ին կմեկնարկի Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ հանդիպումը:
Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:
![]()