Ռուսաստանը ծախել է մեզ. Պուտինից պետք է սպասենք նոր ահաբեկչության. ինչ սպասել Թրամփից. Ստեփանյան. տեսանյութ

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի համար ԱՄՆ-ում սպասվող հանդիպման ամենաառանցքային կետն այն է, որ մոտ ժամանակներս կբացառվի Ադրբեջանի հարձակումը ՀՀ-ի վրա:

Իսկ ինչո՞ւ է վստահ, որ հանդիպումից հետո բացառվում է այդ հավանականությունը. քաղաքագետն ասում է՝ դա հավասարազոր կլինի Ալիևի կողմից Թրամփին ապտակելուն, ինչը Թրամփը չի հանդուրժի:

Վերջինս նկատում է, որ պատերազմը թույլ չէր տալիս պետությանը երկիրը դնել կայուն ռելսերի վրա: Այս համատեքստում նա նշում է՝ քաղաքացիները սոցհարցումների ժամանակ ընդգծում են, որ անվտանգությունն ամենակարևոր խնդիրն է:

Ըստ նրա՝ ի սկզբանե կար երկու պլան՝ ամերիկյան և ռուսական․ ռուսականը Նոյեմբերի 9-ի տեսքով վաղուց անցյալ է, ամերիկյանն էլ առաջիկայում պարզ կլինի:

Դավիթ Ստեփանյանի նկատառմամբ՝ Ռուսաստանը և Վլադիմիր Պուտինը ամբողջ սև գործը արել են՝ ԼՂ հանձնում, հայաթափում, կեղտոտ գործարքներ թուրքերի հետ, որ ներկայություն պահպանեն այստեղ:

Հարցադրմանը՝ ինչու է ընդդիմությունը շարունակում պնդել, որ Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ պետք է առաջնորդվել, զրուցակիցն ասում է. «Իսկ ի՞նչ անեն, այլընտրանք չունեն, պետք է կա՛մ հրաժարվեն ծառայություններից, որ մատուցում են ՌԴ-ին, կա՛մ էս գիծը շարունակեն․ կարծես թե ընտրել են շարունակելը: Երբ քեզ բռնաբարում են, և դու սկսում ես սեր տածել քեզ բռնաբարողի հանդեպ, դա աննորմալ է»:

Նա միաժամանակ ընդգծում է՝ չպետք է բացառել, որ Ռուսաստանը կարող է գնալ ահաբեկչության. «Դա մեկ անգամ եղել է, պետք է սպասել ամեն ինչ, բայց սա չի նշանակում, որ մենք պետք է շեղվենք մեր որդեգրած ուղուց»:

Կրկին անդրադառնալով ԱՄՆ-ում սպասվող հանդիպմանը՝ զրուցակիցն ասում է՝ ընտրված ճանապարհը միակ ճիշտ ճանապարհն է, սակայն այս դեպքում ևս չպետք է բացառել մարտահրավերները. «Ուռա գոռալ պետք չէ, մենք պետք է մեր շահերը պաշտպանենք, որ մեզ չգցեն»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ