![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը անդրադարձել է առաջիկա ժամերին սպասվող իրադարձություններին և դրա շուրջ շահարկումներին:
«Ակնհայտ է, որ խաղաղության և ենթակառուցվածքների ապաշրջափակման դեմոնիզացման ընդդիմության փորձերն ապարդյուն են. ՀՀ քաղաքացիները գիտեն, որ ապաշրջափակման մասին մենք մեր հայտնած կարմիր գծերից չենք հրաժարվելու՝
— ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանում,
— իրավազորության ու փոխադարձության սկզբունքի պահպանման հիմքով։
Այն, ինչ իշխող մեծամասնությունը ՎԱՐՉԱՊԵՏԻ գլխավորությամբ պնդել է, ուժի մեջ է մինչ օրս:
Իսկ ստի ու մարդկային ցավի կապիտալիզացման ընդդիմադիր գործիչների փորձերը պարզապես ջանքեր են՝ իրենց գինը բարձրացնելու և ռուս օլիգարխների նախընտրական ցուցակում հայտնվելու համար. ուշադրություն մի՛ դարձրեք»,- գրել է նա:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Փաշինյանն ու Ալիևը պաշտոնապես խաղաղություն կկնքեն։
Նշենք, որ օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնի ժամանակով 14:30-ին, իսկ Հայաստանի ժամանակով 22:30-ին, տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առանձին հանդիպումը:
Դրան կհաջորդի Թրամփի ու Ալիևի հանդիպումը, իսկ այնուհետև ՀՀ ժամանակով 00:00-ին կմեկնարկի Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ հանդիպումը:
Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:
![]()