![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշում է, որ ՀՀ-ի դեմ տարվում է տեղեկատվական պատերազմ՝ այդ կերպ փորձելով հասնել քաղաքական կամ աշխարհաքաղաքական որոշ արդյունքների:
Պատգամավորի խոսքով՝ հայտարարելով, թե Սյունիքում լարված իրավիճակ է, խուճապ տարածելով՝ փորձում են թուլացնել ՀՀ-ն.
«Սա հիստերիա է, ապատեղեկատվություն, բայց լարվածություն առաջացնել չի ստացվում, որովհետև Սյունիքում անվտանգային որևէ խնդիր չունենք, հակառակը՝ այնտեղ ավելի աշխուժացել է տուրիզմը, իսկ այդ հայտարարություն անողները նպատակ ունեն Սյունիքը մեկուսացնել, բայց չի հաջողվում: Գորիսում այսօր բավականին լավ շարժ կա․ այս տեմպերով Գորիսը դառնալու է աշխարհում ճանաչված բավականին լավ տուրիստական կենտրոն՝ անկախ նրանից, թե ընդդիմությունն ինչ է ասում»:
Խոսելով կաթողիկոսի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ Խաչատրյանը նկատում է՝ Կտրիճ Ներսիսյանը խախտել է եկեղեցական կանոնադրությունը, զբաղեցնում է վեհափառի աթոռը․ եթե մենք սա հանդուրժում ենք, ուրեմն պետք է հանդուրժենք նաև այլ ոլորտների խախտումներն ու անօրենությունները:
Իսկ եկեղեցականների կողմից անեծքները և պետական հակաքարոզչությունը, ըստ Խաչատրյանի, նոր չեն, որ սկսվել են. «Մեզ շատ են ահազանգել, որ մարզերում եկեղեցական ծեսերի, կնունքների ժամանակ քահանաները անեծքներ ու լուտանքներ են հնչեցնում Կառավարության հասցեին կամ քաղաքական քարոզ են անում: Քանի անգամ զգուշացվել է վեհափառին, որ «կարգի հրավիրի» այդ հոգևորականերին, բայց որևէ արդյունք չի տվել․ բնականաբար, այս ամենը կազմակերպված է հենց վեհափառի կողմից»:
Խաչատրյանը նաև կարծում է, որ Տեր-Պետրոսյանը այժմ որպես առաջամարտիկ մասնակցում է պետականության դեմ նախաձեռնված բոլոր միջոցառումներին:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()