Հովիկ Աբրահամյանի եղբոր ձկնաբուծարանը պետբյուջե չի վճարել մոտ 144 մլն դրամի հարկ. վնասի կեսը վերականգնվել է

2024 թվականի դեկտեմբերի 24-ին Պետական եկամուտների կոմիտեից հաղորդում է ներկայացվել այն մասին, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Հենրիկ Աբրահամյանին (Ջոնիկ) պատկանող, Արարատի մարզում ձկնաբուծությամբ զբաղվող ՍՊ ընկերության իրավասու անձինք խուսափում են առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց:

Հաղորդման կապակցությամբ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Քննչական կոմիտեում քրեական վարույթ չի նախաձեռնվել:

Քրեական վարույթ չնախաձեռնելու օրինականությունը հսկող դատախազի կողմից չի հաստատվել: Դատախազը հանձնարարել է նախաձեռնել քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածով (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը) և սկսել նախաքննություն:

Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան մի շարք վայրերում խուզարկություններ կատարելու վերաբերյալ, որոնք դատարանի որոշումներով մերժվել են:

Նշված դատական ակտերի դեմ դատախազի կողմից ներկայացվել են վերաքննիչ բողոքներ, որոնք բավարարվել են:

Կատարված վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արարատի մարզում ձկնաբուծությամբ զբաղվող ընկերության փաստացի ղեկավար Հ.Ա.-ն նույն ընկերության տնօրեն Գ.Մ.-ի և գլխավոր հաշվապահ Մ.Գ.-ի հետ նախնական համաձայնությամբ պետական բյուջե վճարման ենթակա 143,827,827 դրամի հարկ չվճարելու նպատակով թաքցրել է ընկերության հարկման օբյեկտը և խեղաթյուրված տվյալներ է ներառել հարկային հաշվարկներում:

2025 թվականի հուլիսի 29-ին քննիչի միջնորդությունների հիման վրա դատախազը հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Հ.Ա.-ի, Գ.Մ.-ի և Մ.Գ.-ի նկատմամբ:

Վերոնշյալ որոշումները կայացնելուց հետո Հ.Ա.-ին, Գ.Մ.-ին և Մ.Գ.-ին ներկայացվել է մեղադրանք: Արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 75,000,000 դրամ վնասը:

Նախաքննությունը շարունակվում է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ