ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում Կանադան կճանաչի Պաղեստինը. Քարնի

Կանադայի կառավարությունը կճանաչի Պաղեստինի պետականությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ)՝ 2025 թվականի սեպտեմբերին կայանալիք նստաշրջանի ժամանակ։ Այս մասին ասվում է վարչապետ Մարկ Քարնիի հայտարարության մեջ։

«Պաղեստինի քաղաքացիական բնակչության աճող ծանր տառապանքները որևէ պատճառ չեն թողնում հետաձգելու խաղաղության, անվտանգության և մարդկային կյանքի արժանապատվության աջակցման համար համակարգված միջազգային գործողությունները։ Երկու պետությունների լուծման պահպանումը նշանակում է աջակցել բոլոր այն մարդկանց, որոնք նախընտրում են խաղաղությունը բռնությանը և ահաբեկչությանը: Պարտավոր ենք հարգել նրանց բնածին ցանկությունը՝ Իսրայելի և Պաղեստինի պետությունների խաղաղ համակեցությունը որպես անվտանգ և բարգավաճ ապագայի միակ ուղի ընտրելով»,- ասել է Կառավարության ղեկավարը։

Նա հավելել է, որ այս պատճառներով Կանադան մտադիր է ճանաչել Պաղեստինի պետությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում՝ 2025 թվականի սեպտեմբերին։

Հուլիսի 29-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի գրասենյակը ևս հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Մեծ Բրիտանիան կճանաչի Պաղեստինի պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից առաջ, եթե Իսրայելը շարունակի խոչընդոտել մարդասիրական օգնությանը և ռազմական գործողություններ իրականացնել Գազայում։

Հուլիսի 24-ին էլ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էր հայտարարել, որ Փարիզը կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ