![]()
Հյուսիսատլանտյան դաշինքը ձգտում է ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասում՝ տարածաշրջանի ներուժն օգտագործելու Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական բախման համար։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«ՆԱՏՕ-ն որպես դաշինք և նրա առանձին անդամ պետությունները արդեն մի քանի տարի փորձում են ամրապնդել իրենց դիրքերը Հարավային Կովկասում: Ո՞րն է դաշինքի նպատակը․ կարծում եմ՝ դա ակնհայտ է՝ տարածաշրջանի երկրների ներուժն ու ռեսուրսներն օգտագործելը՝ կոլեկտիվ Արևմուտքի շահերից ելնելով, հատկապես Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական դիմակայությանը վերաբերող մասում»,- ասել է նա։
Զախարովան նաև նշել է, որ Արևմուտքին հետխորհրդային տարածքում որևէ հավասար հարաբերություն պետք չէ: Նրանք, ըստ Զախարովայի, պետք է վերցնեն ռեսուրսները, երկրներին միմյանց դեմ տրամադրեն, ամեն ինչ կրակի մատնեն և վարվեն ինչպես տիպիկ գաղութարարներ, ստրկացնողներ, իմպերիալիստներ։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը նաև հույս է հայտնել, որ տարածաշրջանի երկրները, այդ թվում՝ Ադրբեջանն ու Հայաստանը, գիտակցում են ՆԱՏՕ-ի հետ խորացող համագործակցության հետ կապված իրավիճակի սրման բոլոր ռիսկերը։
«Բոլորը գիտեն, թե ինչով է սա ավարտվում․ որտեղ էլ որ հայտնվի Հյուսիսատլանտյան դաշինքը, այնտեղ պարտադրվում է առճակատում, աճում է ռազմական լարվածությունը, և մոռացվում են այնպիսի բառեր, ինչպիսիք են խաղաղությունն ու կայունությունը»,- հայտարարել է Զախարովան։
![]()