![]()
Ֆրանսիան առաջիկա օրերին օդային մարդասիրական օգնություն կուղարկի Գազա՝ «բավարարելու քաղաքացիական բնակչության ամենաանհետաձգելի և անհապաղ կարիքները», հաղորդում է AFP-ն՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին։
«Այս գործողությունները կիրականացվեն բնակչության անվտանգությունն ապահովելու համար ամենախիստ նախազգուշական միջոցներով», — ասել է աղբյուրը։
Նրա խոսքով՝ այս մատակարարումները նախատեսված չեն ցամաքային մարդասիրական օգնության ավելացումը փոխարինելու համար, որը պահանջում է, որ Իսրայելը բացի անցակետերը և անվտանգ ցամաքային միջանցքները։
«Ֆրանսիան նաև աշխատում է ցամաքային մարդասիրական օգնություն մատակարարելու ուղղությամբ, ինչը ներկայումս ամենաարդյունավետ լուծումն է», — հավելել է աղբյուրը։
Կիրակի օրվանից ի վեր Իսրայելը, միջազգային ճնշման ներքո, հայտարարել է ամեն օր 10-ժամյա «մարտավարական» մարդասիրական դադարների մասին Գազայի հատվածի երեք խիտ բնակեցված շրջաններում մարդասիրական օգնություն մատակարարելու համար։
Սա պետք է թույլ տա ՄԱԿ-ին և այլ կազմակերպություններին սնունդ և դեղորայք մատակարարել Գազա։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ մարդասիրական դադարները ուժի մեջ կմնան «մինչև հետագա ծանուցում»։
COGAT-ը՝ Իսրայելի ռազմական մարմինը, որը վերահսկում է Գազա մարդասիրական օգնության մատակարարումները, հայտարարել է, որ ՄԱԿ-ը և այլ կազմակերպություններ կիրակի օրը օգնություն են բաշխել ավելի քան 200 բեռնատարներից։ Եվս 260 բեռնատար էր ժամանել Գազա և սպասում էր բաշխմանը։ Հարյուրավոր այլ բեռնատարներ հերթ էին կանգնել բեռնվելու համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գազայում հերթական անգամ զանգվածային սով է տարածվում։ Միայն նախորդ շաբաթ սովի հետևանքով Գազայում ավելի քան 20 մարդ է մահացել:
Տարածքում գտնվող մեկ միլիոն երեխա այժմ գտնվում է սուր թերսնման վտանգի տակ, ընտանիքների 90 տոկոսը չունի անվտանգ խմելու ջրի հասանելիություն, իսկ սովի աղետալի հետևանքներն այժմ ազդում են ոչ միայն երեխաների, այլև ամբողջ բնակչության վրա։
![]()