![]()
Ըստ «Իմ Քայլը» և «Իզմիրլյան» հիմնադրամների միջև ստորագրված համագործակցության համաձայնագրի, Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի Սիսիանի մասնաճյուղում կկառուցվի նորարարական ագրոդրոնների ուսուցման կենտրոն։
Այս մասին հայտնել է «Իմ Քայլը» հիմնադրամը:
Ծրագրի նպատակն է կառուցել միջազգային չափորոշիչներին համապատասխան ագրոդրոնների կենտրոն` զարգացնելու խելացի գյուղատնտեսությունը` ընդգրկելով վերջինիս բոլոր ոլորտները: Կենտրոնում հնարավոր կլինի ուսումնական կարճաժամկետ ծրագրերով վերապատրաստվել թե՛ բուհերի ուսանողներին, թե՛ գործող ֆերմերներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր պարզապես հետաքրքրված են ագրոդրոնների կիրառմամբ՝ գյուղատնտեսության արդիականացման նպատակով։
![]()
Դասավանդվող ծրագրերը մշակվելու են «Իմ Քայլը» հիմնադրամի և ՀԱԱՀ-ի համագործակցությամբ՝ տեղայնացնելով միջազգային առաջավոր փորձը։
«Ուրախ ենք արձանագրել, որ այս համագործակցությամբ զարկ կտրվի մի կենտրոնի ստեղծման, որը ավանդական գյուղատնտեսությունից նորարարարական գյուղատնտեսություն անցման մի մեծ ու կարևոր քայլ է»,- ասված է հաղորդագրության մեջ:
![]()