![]()
Դատավոր Վազգեն Ռշտունու կողմից Հրայր Սարկավագ Հակոբյանին ազատ արձակելու որոշումը իրավական խեղում է՝ ցուցադրելով այն համակարգային նեխվածությունը, որը խորապես արմատավորված է Հայաստանի դատական համակարգում։ Խոսքը անձի մասին է, որի բարեվարքությունն ու պրոֆեսիոնալ պիտանելությունը երկար տարիներ շարունակ հարցականի տակ է մնում:
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը:
Գրառման մեջ նաև ասված է.
«Հանրային և մասնագիտական շրջաններում բազմիցս շրջանառվել են տեղեկություններ Ռշտունու քաղաքական կապերի, անցանկալի գործերից խուսափելու միտումների, ինչպես նաև նախկին քրեաօլիգարխիկ շրջանակների շահերին ենթակա որոշումների մասին։ Այս ամենը, սակայն, որևէ պատասխանատվության չի հանգեցրել։
Դատարանների նկատմամբ վերահսկողության բացակայությունը, կարգապահական վարույթների անարդյունավետությունը և քաղաքական համակարգի անտարբերությունը հանգեցրել են նրան, որ դատական համակարգն այլևս չի ծառայում օրենքին, այլ պաշտպանում է անձեռնմխելիության, փոխհատուցման ու արտոնությունների մշակույթը։
Այս իրավիճակը չի հանդիսանում բացառություն. այն համակարգային բնույթ է կրում։ Հայաստանի դատական իշխանությունը, ընդհանուր առմամբ, գտնվում է ծանր բարոյահոգեբանական և մասնագիտական ճգնաժամի մեջ։ Դատավորների մի մասը գործում է փաստացի անձեռնմխելիության պայմաններում՝ զերծ մնալով ինչպես հանրային վերահսկողությունից, այնպես էլ ներքին ինստիտուցիոնալ կարգապահական կարգավորումներից։
Այս պայմաններում դատական համակարգը պետք է ամբողջությամբ ենթարկվի խիստ, համատարած և հրապարակային վեթինգի։ Բոլոր դատավորները, առանց բացառության, պետք է ենթարկվեն բարեվարքության, մասնագիտական պիտանելության և քաղաքական կամ հանցավոր կապերի բացակայության ստուգման։
Եթե վեթինգի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը մնա առանց գործող դատավորի, ապա դա ավելի ընդունելի է, քան գոյություն ունեցող այս դատարաններով պետականության իմիտացիա ապահովելը։ Որպես ինստիտուտ՝ դատարանը, այս վիճակում, ոչ թե պետականության գոյության ցուցիչ է, այլ՝ դրա բացակայության ապացույց։
Պետություն չունի նա, ով չունի դատարան։ Իսկ այն դատական համակարգը, որն ապահովում է ոչ թե արդարություն, այլ անձնական ու խմբային շահերի սպասարկում, պետք է լուծարվի և վերակառուցվի հիմքից»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հեղաշրջման պլանի քրեական վարույթով կալանավորված Հրայր սարկավագ Հակոբյանը ազատ կարձակվի․ նրա խափանման միջոցը փոխվել է բացակայելու արգելքով և վարչական հսկողությամբ։
![]()