Կառուցապատող ընկերության տնօրենը հափշտակել է 370 մլն դրամ արժեքով խոշոր չափի գույք. նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է կառուցապատող ընկերության տնօրեն Ա.Կ.-ի կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Այս մասին հայտնում են ՔԿ-ից՝ նշելով, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ անշարժ գույքի գնահատող ընկերության տնօրեն Հ.Ա.-ն Երևան քաղաքի Աբովյան-Նալբանդյան-Արամի փողոցների հարող հատվածում գերակա հանրային շահ ճանաչված տարածքներ ձեռք բերող ընկերության տնօրեն Ա.Կ.-ին է տրամադրել գնահատման ենթակա անշարժ գույքերի վերաբերյալ իրական շուկայական արժեքից մի քանի անգամ ցածր կեղծ գնահատման հաշվետվություն։

«Արդյունքում հաշվետվության հիման վրա Ա.Կ.-ն խարդախությամբ հափշտակել է Վ.Գ.-ին և Ս.Յ.-ին պատկանող առանձնապես խոշոր չափերով 370 մլն 700 հազար ՀՀ դրամ արժողության անշարժ գույքը՝ դրա դիմաց վճարելով ընդամենը գնահատման հաշվետվությամբ սահմանված 74 մլն 906 հազար ՀՀ դրամ։

Ա.Կ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախությունը) և 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) և Հ.Ա.-ի նկատմամբ՝ 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախությանն օժանդակելը) և 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը):

Ա.Կ.-ին պատկանող անշարժ գույքի վրա 295 մլն 902 հազար ՀՀ դրամի չափով արգելանք է դրվել:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ