Ինչ են պատմում հոգևարականները մասնավոր զրույցներում, և ինչու է Կտրիճ Ներսիսյանը վախենում գնալուց. Երեմյան

 

«Հայկական ժամանակ»-ը «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանի հետ զրուցել է տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների և իրեն ուղղված մեղադրանքների մասին:

-Տիկի՛ն Երեմյան, երբ տարածեցիք տեսանյութ, որում ասվում էր, որ պատրաստ եք միանալ վարչապետի կոչին և ազատել վեհարանը, ձեր հասցեին մի շարք քննադատություններ հնչեցին, թե ինչպես կարող է կրթական հաստատությունում աշխատող մարդը այդ կերպ արտահայտվել: Երեկ Ամերիկյան համալսարանի դասախոսներից Սամվել Ֆարմանյանը գրառում էր արել, թե Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը նախկինում «անխնամ ու գեշ» են եղել, և այդ առումով ընդդիմադիր շրջանակները կարծես թե խնդիր չտեսան․ սա չի խոսո՞ւմ երկակի ստանդարտների մասին:

-Իհարկե, դա երկակի ստանդարտ է, այսինքն՝ այս դեպքում իրենք չեն քննադատում, որովհետև բովանդակության հետ կապված խնդիր չեն տեսնում: Ինչպես կարելի է թիրախավորել կնոջ, որը հանդիսանում է ՀՀ վարչապետի տիկինը, իրենք սահմաններն անցնում են անձնավորելով և վիրավորելով:

Ես ամեն դեպքում պահել եմ կոռեկտությունը, ոչ ոքի չեմ վիրավորել, և իմ խոսքը շրիշակի մակարդակից չեմ իջեցրել, որովհետև միայն այդ դեպքում է, որ խոսքը արժեզրկվում է. ես խոսել եմ արժեքների մասին: Ես կարծում եմ, որ ուսուցիչը, մանկավարժը պիտի ունենա դիրքորոշում․ ես առաջարկում եմ առողջ բանավեճ-քննարկում, թե ինչի մասին մենք պետք է խոսենք սերունդների հետ։ Ես չեմ թիրախավորել Կտրիճ Ներսիսյանի արտաքինը, նրա հագուկապը, ես խոսել եմ արժեքների մասին, որոնց հետ հաշտ եմ կամ հաշտ չեմ, իսկ ընդդիմադիր դաշտի քաղաքական գործիչները, որոնք նաև դասախոսներ են, բովանդակությունը չեն քննարկում, իրենք վիրավորում են, անձնավորում:

-Տիկի՛ն Երեմյան, ձեր պատկերացմամբ ի՞նչ զարգացումներ են վերջին շրջանում տեղի ունենում, մասնավորապես՝ կաթողիկոսի հրաժարականի պահանջը, Սամվել Կարապետյանի կալանավորումն ու քաղաքական նոր ուժ ստեղծելը և այս ամենում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պարբերաբար շահարկելը. եթե մեկ ամբողջի համայնապատկերում դիտարկենք, ի՞նչ է կատարվում:

-Ինչ վերաբերում է կաթողիկոսի հեռանալու պահանջին, ես՝ որպես քաղաքացի, կրթության ոլորտում աշխատող մարդ, հայ մարդ և մտավորական, կարծում եմ, որ հայ անչափահաս երեխան պետք է լավ օրինակ ունենա, որովհետև վերջին 30 տարիների ընթացքում մենք ոչ թե մոտեցել, այլ հեռացել ենք Աստծուց, քանզի եկեղեցին ավելի շուտ իշխանության կողքին է եղել, քան ժողովրդի՝ հասարակ քաղաքացու: Եվ մենք հիմա խնդիր ունենք ինչ-որ մի բան փոխելու, մարդկանց դեպի հոգևորը տանելու, սակայն մինչև մարդուն, անչափահասին դեպի հոգևորը տանես, դու նախևառաջ պիտի լավ օրինակ ունենաս, ոչ թե հոգևորականներ, որոնք խոսում են տեռորից, մարդկանց գյուլլելուց, անվանում են «խոր անասուն», կամ «Մարտի 1»-ի դեպքերի ժամանակ ուղղակի չեն գալիս իրենց հավատավոր հոտի կողքին կանգնելու:

Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին, ևս մեկ անգամ պետք է ասեմ, որ դրսից եկած քաղաքական դեմքերը, որոնք ուժ են ստեղծում, չեն կարող ներքաղաքական օրակարգ թելադրել, որովհետև իրենք սպասարկում են դրսի շահերը:

-Նշեցիք, որ եկեղեցին այս տարիների ընթացքում եղել է ոչ այնքան ժողովրդի, որքան քաղաքական իշխանության կողքին. ինչո՞ւ է եկեղեցին նման ընտրություն կատարել՝ կանգնել ոչ թե ժողովրդի, այլ իշխանության կողքին (նախկին իշխանություններին նկատի ունեմ):

-Ընդհանուր շահերը: Ինչպես նախկին իշխանություններն էին կառչած իշխանությանը, որովհետև հասկանում էին, որ դա կորցնելու դեպքում իրենք շատ բաներից են զրկվելու, և մենք այսօր ապօրինի գույքի վերադարձի օրինակներ ենք տեսնում, այնպես էլ իրեն: Այս մարդիկ չեն ուզում կորցնել թալանածը, ու եկեղեցին այստեղ ընդհանրապես կապ չունի, քանի որ Հայ առաքելական եկեղեցին մեր ինքնությունն է․ մենք խոսում ենք որոշ բարձր դասի հոգևորականների մասին, որոնք տեռորի են ենթարկում սովորական հոգևորականներին և ուզում, որ իրենց «դուդուկի տակ» պարեն: Իրենք էլ չեն ուզում իշխանություն կորցնել․ պատկերացնո՞ւմ եք այդ դեպքում ինչեր են իմանալու…

-Բայց ի՞նչ ունեն կորցնելու կամ վախենալու:

-Իշխանություն։ Դուք հասարակ հոգևորականների հետ խոսեք, տեսեք՝ ինչեր են պատմում, ինչի միջով են անցնում։

-Ինչի՞ միջով են անցնում, օրինակ, դուք ի՞նչ եք լսել ձեր մասնավոր զրույցներում:

-Հայ առաքելական եկեղեցու վեհափառի աթոռին նստած Կտրիճ Ներսիսյանը ստրկացրել է հայ հոգևորականներին, և բոլոր նրանք, ովքեր կհամարձակվեն այլ կարծիք հայտնել, շատ վատ դրության մեջ են հայտնվում, նրանց հետ շատ դաժան են վարվում, կարող եմ անգամ այն մարդկանց անունները տալ, որոնց հետ անձամբ եմ զրուցել, բայց չեմ ուզում՝ թիրախավորվեն…

Պատկերացնում եք, հոգևորական, նույնիսկ բարձր դասի հոգևորականներ, որոնք վախենում են իրենց կարծիքն արտահայտել, որովհետև Կտրիճ Ներսիսյանը միապետ է:

-Բայց քիչ չեն նաև կաթողիկոսին պաշտպանող հոգևորականները, որոնց շուրթերով առնվազն մի քանի անգամ ասվել է, որ կաթողիկոսը չի ուզում, չի պատրաստվում հեռանալ:

-Որպես ՀՀ քաղաքացի, որը մի քիչ մտածելու կարողություն ունի, կարծում եմ, որ Կտրիճ Ներսիսյանը կհեռանար մեծ սիրով, բայց այս պահին Լևոն Տեր-Պետրոսյանի և իր ընդհանուր շահի առկայությունն ինձ հուշում է, որ ինչ-որ բան ինչ-որ տեղ այն չէ:

-Իսկ ո՞րն է ընդհանուր շահը այն դեպքում, երբ 2008 թվականի «Մարտի 1»-ի դեպքերից հետո Տեր-Պետրոսյանն անգամ կաթողիկոս իր տուն չթողեց:

-Ես չգիտեմ՝ ինչու ներս չթողեց, գուցե ինչ-որ պայմանավորվածություն կար, որը խախտվել էր, գուցե դրանով դեռ պետք էր, որ ինքը ժողովրդի աչքում մնար պայքարող, զոհ, որը տնային կալանքի մեջ է, ես չգիտեմ, եթե դուք գիտեք, ասե՛ք: Ես հիշում եմ, որ «Հոկտեմբերի 27»-ից հետո, երբ բոլորս սգի մեջ էինք, Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ արեց համախմբվել գործող իշխանությունների կողքին:

-Ի դեպ, վերջերս նաև կոչ արեց ազատ արձակել Բագրատ Գալստանյանին, Միքայել Աջապահյանին ու Սամվել Կարապետյանին՝ անվանելով նրանց քաղբանտարկյալներ:

-Եթե Նաիրի Հունանյանին էլ ընդգրկեր այդ ցանկում, ես չէի զարմանա, որովհետև ի՞նչ տարբերություն այն անձանց միջև, որոնցից մեկը կոչ է անում մի երկու հոգու գյուլլել և հետո գումար վճարել, իսկ մյուսը դա ուղղակի իրականացրել է, մի դեպքում մեր իրավապահ մարմինները հասցրել են կանխել, մյուս դեպքում՝ ոչ: Ի՞նչ տարբերություն Նաիրի Հունանյանի և Աջապահյանի միջև, որը զինված հեղաշրջման կոչ է անում, ի՞նչ տարբերություն Հունանյանի և այն մարդու միջև, որ ուզում է քաղաքական ձևերով չլուծվող հարցը իր ձևերով լուծել, ո՞րն է այդ ձևերը…

-Քաղաքական ուժ է բացել․ այդպես է պայքարում, այդ ուժի լիդերն էլ ինքն է լինելու՝ Կարապետյանը:

-Օտար պետության քաղաքացին ի՞նչ իրավունք ունի ՀՀ-ում քաղաքական ուժ գրանցելու, Պաղեստինից էլ կարող են գալ էստեղ քաղաքական ուժ բացել, տարբեր երկրներից էլ կարող են գալ, մենք պետությո՞ւն ենք, թե՞ պետություն չենք:

-Լավ, եթե Կարապետյանի և նախկին իշխանությունների դեպքում հասկանալի է, ապա կաթողիկոսը ինչո՞ւ է որոշել ներգրավվել քաղաքականության մեջ, քանի որ իր դիրքը շատ ավելի բարձր է, քան քաղաքական որևէ պաշտոն:

-Կաթողիկոսը ի սկզբանե քաղաքականության մեջ է եղել, երբ տարիներ շարունակ մինչև 2018 թվականը երբևէ հայ ժողովրդի հուզող հարցերին չի արձագանքել, չի խոսել դրա մասին, այլ եղել է գործող իշխանությունների կամակատարը, ինքը արդեն քաղաքական պաշտոն է ունեցել, ես չեմ համարում, որ ինքը հոգևորով է զբաղվել, ինքը Աստծո խոսքի տարածմամբ երբեք չի զբաղվել:

-Ինչո՞ւ է Մայր աթոռը շահարկվում քաղաքական նպատակներով, և ըստ Ձեզ՝ ի՞նչ նկատի ունի Սամվել Կարապետյանը՝ ասելով, թե որքան շատ են իշխանությունները թիրախավորում Մայր Աթոռը, այնքան շատ են մերոնք համախմբվում դրա շուրջ. ի՞նչ նկատի ունի՝ «մերոնք» ասելով:

-Իրենց ասած «մերոնքը» գիտենք՝ ովքեր են․ էդ էն մարդիկ են, որոնք դեմ չեն, որ ՀՀ-ն կորցնի իր ինքնիշխանությունը և դառնա ծայրագավառ․ սա ակնհայտ է, և քննարկելու բան չկա:

Ինչ վերաբերում է Հայ առաքելական սուրբ եկեղեցուն, առաջին հերթին հոգևորականներն են թիրախավորում այն, որովհետև իրենք քրիստոնեական արժեքների կրողը չեն, քրիստոնյա մարդը չի կարող ասել՝ երկու հոգու կգյուլլենք, չի կարող քննարկել, թե ինչպես պիտի ավտոբուսների վրա յուղ լցնեն, աստղիկներ նետեն մեքենաների տակ, իրենք են վարկաբեկում եկեղեցին: Ես ուզում եմ, որ Հայ առաքելական եկեղեցին ներսից վարկաբեկողներ չլինեն, որ մենք՝ դրսում կանգնածներս, խոնարհաբար ընդունենք այն արժեքները, որոնք քարոզվում են:

-Ամեն դեպքում կաթողիկոսը պետք է հեռանա՞, թե՞ այս գործընթացը էլ ակտուալ չէ:

-Կարծում եմ՝ գործընթացը ակտուալ է մնալու այնքան, քանի դեռ չի հեռացել Կտրիճ Ներսիսյանը, որովհետև միայն այդ դեպքում մենք կկարողանանք եկեղեցու համբավը, հեղինակությունը մեծացնել, հավատքը՝ վերագտնել:

Այս պրոցեսից հետո մեր սերունդներն են հաղթանակած դուրս գալու: Ինչպես հիմա կարողանում ենք մեր ժառանգներին թողնել պետություն, որտեղ քաղաքացու ձայնն է որոշիչ, իսկ իշխանությունը պատկանում է ժողովրդին, այնպես էլ պիտի մեր սերունդներին թողնենք Հայ առաքելական եկեղեցի, որտեղ վեհը՝ վեհն է, աստվածայինը և հոգևորը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ