Ավարտվել է Միքայել Աջապահյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

Առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Միքայել Աջապահյանը լրատվական ալիքներից մեկին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ ինքը ՀՀ նախկին երկու նախագահներին բազմիցս առաջարկել է բանակում, ոստիկանությունում և ազգային անվտանգությունում պաշտոնավարող իրենց գաղափարակից գեներալների միջոցով կատարել ռազմական հեղաշրջում:

Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:

«Այսպիսով, Մ.Ա.-ն, զանգվածային լրատվության միջոցներն օգտագործելով, կատարել է իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր:

Մ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Մ.Ա.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորվել է երկու ամսով: Դատարանի որոշմամբ՝ սահմանափակվել են նաև նրա շփումները: Գլխավոր դատախազության հայտարարության համաձայն՝ Աջապահյանի հնչեցրած կոչերը հուզական կամ անզգուշությամբ թույլ տված արտահայտություններ չեն, այլ գիտակցված գործողություն: Արքեպիսկոպոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ