![]()
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջում գրել է․
«2021-ին քաղաքապետարանի միջանցքներում դեռ պտտվում էին փաստաթղթերով լցված սայլակներ։ Իսկ այսօր Երևանը դարձել է ժամանակակից, թվային և բնակիչների կարիքներին արագ արձագանքող քաղաք։
Ինչպե՞ս ենք մենք դա անում․
— Ստեղծել ենք «Ակտիվ Քաղաքացի» հարթակը՝ մասնակցային կառավարման նոր գործիք, որն ապահովում է թափանցիկություն ու հաշվետվողականություն։
— Գործարկել ենք Էլեկտրոնային ծառայությունների միասնական հարթակը․ այստեղ քաղաքացուն հասանելի են իր պարտքերի, թույլտվությունների և նամակագրության բոլոր տվյալները՝ մեկ տեղում։
Բայց սա միայն առաջին շերտն է։ Մենք ավտոմատացրել ենք ներսում ընթացող աշխատանքները և հիմնել միավորված GIS համակարգը, որը թույլ է տալիս կառավարման բոլոր մակարդակներում օգտագործել իրական ժամանակում թարմացված տարածական տվյալներ։
Այսօր արդեն 12 վարչություն աշխատում է GIS-ի վրա՝
— Աղբամանների և աղբատարների մոնիթորինգ,
— Քաղաքաշինական պլանավորում 3D մոդելներով,
— Տրանսպորտի երթուղիների օպտիմալացում,
— Կանաչ տարածքների խելացի ոռոգում և շատ ավելին։
Մեր այս աշխատանքը, որն իրականացրել ենք մոտ 6 ամսում, միջազգային գնահատանքի արժանացավ․ 2025-ին Երևանը, GEOVIBE-ի հետ միասին, ստացավ SAG մրցանակը՝ Esri համաշխարհային GIS համաժողովում։
Մեր հաջորդ քայլը Երևանի թվային երկվորյակի ստեղծումն է՝
— Օդային,
— Գետնային,
— Ստորգետնյա տվյալներով, որոնք թույլ կտան մոդելավորել իրական սցենարներ և կայացնել ավելի խելացի որոշումներ։
Մեր տեսլականը․ Երևանը պետք է լինի ոչ միայն գեղեցիկ, այլ նաև՝
— Թվային,
— Ճկուն,
— Տվյալահենք,
— Բաց նորարարների ու ստեղծարարների համար։
![]()