Ինչ կտա ՀՀ-ով անցնող ճանապարհը, և որն է ամերիկյան կողմի առաջարկը. Բաբաջանյանը մանրամասնում է. տեսանյութ

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանապարհների ապաշրջափակման հնարավորությունների մասին դեռ վաղ է խոսել, քանի որ համաձայնեցված խաղաղության տեքստում դրա մասին հիշատակում չկա: Նրա նկատառմամբ՝ հենց սա է ազատություն տալիս Ադրբեջանին՝ պահանջներ առաջ քաշելու:

Ըստ քաղաքական գործչի՝ պատահական չէ, որ Խաղաղության պայմանագրի նախաստորագրման հարցն է եկել առաջ, այսպիսով Ալիևը միջազգային գործընկերներին ուզում է հանգստացնել, թե այդ մասով չունեն խնդիր Հայաստանի հետ: Սակայն ըստ Բաբաջանյանի՝ սա հարցերը չի լուծում, և հարցի առանցքը կապ ունի ճանապարհի և դրա կոնֆլիկտի հետ:

Վերջինս հիշեցնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն խոսքերը, որ ինքն է հեղինակել Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը. «9 կետերից 9-րդը ամենաառանցքային պատճառն է եղել պատերազմ սկսելու և Ադրբեջանին աջակցելու, քանի որ Ադրբեջանը համաձայն էր, որ այդ ճանապարհը հանձնվեր ՌԴ-ին, և ՀՀ-ն կորցներ իր սահմանը Իրանի հետ: Նախկինում խոսվում էր ճանապարհը ուժով վերցնելու մասին, հիմա սպառնում են, որ քաղաքական և տնտեսական վատ իրավիճակում կհայտնվենք»:

Զրուցակիցը միաժամանակ նկատում է՝ չի բացառվում, որ Թուրքիան և Ադրբեջանն այս ճանապարհը շրջանցող այլ ճանապարհ ստեղծեն, և դա Իրանի ճանապարհով Նախիջևանին կապվելու այսօրվա հնարավորությունն է:

«Ինչո՞ւ Ադրբեջանը չի ուզում, որ ադրբեջանցիները հայ մաքսավորների հանդիպեն, քանի որ իրենք հասկանում են, որ մտնեն ՀՀ տարածք, ենթարկվելու են սանկցիաների: Ուզում են մի ռեժիմ, որ Սաֆարովի նման հանցագործները ՀՀ տարածքով անարգել անցնեն․ սա չի կարող լինել»,- նկատում է նա:

Անդրադառնալով ճանապարհը ԱՄՆ-ին արտապատվիրակելու քննարկումներին՝ քաղաքական գործիչն ասում է՝ ամերիկացիները որոշել են իրենց ջանքերը մեծացնել այստեղ՝ տեսնելով ՌԴ-ի համար այս տարածաշրջանի կարևորությունը և նշանակությունը:

«ՀՀ-ն պետք է ամեն ջանք գործադրի, որ ամերիկացիների ակտիվությունը չնվազի, նրանց միջոցով է հնարավոր ապահովել տևական խաղաղություն: Խաղաղությունը թղթի վրա չի լինում, լինում է ուժային բալանսի վրա: ՀՀ-ն իր ռեսուրսները պետք է ճիշտ բաշխի և ակտիվ համագործակցի ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ ամերիկյան առաջարկը կենսագործվի: Հակառակ կարծիքները, որ հնչում են, վկայում են, որ ՌԴ-ն խորապես մտահոգված է, որ գործընթացների վրա կորցնում է իր ազդեցությունը: Արտապատվիրակման մասով որևէ մտահոգիչ բան չկա․ տարածքի իրավազորության մասով որևէ կորուստ չենք ունենում: Ընդունված է աշխարհում, որ պետությունն իր ֆունկցիան արտապատվիրակում է մասնավորին»,- ասում է նա:

Մեկնաբանելով ՌԴ-Ադրբեջան սրվող հարաբերությունները՝ վերջինս նկատում է՝ դրանից ոչ թե պետք է ուրախանալ, այլ քաղաքական հաշվարկներ անել, որ ՀՀ-ն չդառնա այդ հարաբերությունների վերականգնման վճարողը. «Ադրբեջանը ամեն անգամ ստեղծում է իրավիճակ, որ ՀՀ-ն է լինում հաշիվ փակողը»:

Միաժամանակ Բաբաջանյանը կարծիք է հայտնում, որ մի բան ակնհայտ է՝ և՛ հյուսիսից, և՛ հարավից Ադրբեջանը ճնշումների է ենթարկվում:

«Ե՛վ Իրանն է ծանր դիրքավորված, և՛ ՌԴ-ն․ միակ ճանապարհը մնում է, որ Ադրբեջանը հարաբերությունները կարգավորի Արևմուտքի հետ, որն էլ պետք է սկսի ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելուց»,- ասում է նա:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ