Ռուբեն Մխիթարյանն ու Վարդան Ղուկասյանը որոշել են փչացնե՞լ գյումրեցիների օրը, հարամել տաղավար տոնը

Տոնե՞լ Վարդավառը, թե՞ չտոնել. Գյումրին կանգնած է նման խնդրի առաջ:

Այս մասին տեղեկություն է տարածել Գյումրու քաղաքապետարանը՝ պաշտոնական էջում վերահրապարակելով ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը, որում մասնավորապես վերջինս հայտարարել է, թե հաշվի առնելով Շիրակի թեմի առաջնորդի բանտարկությունը՝ համարում են, որ քրիստոնեական սույն տոնը տվյալ ժամանակահատվածում առանց վերջինիս ներկայության տոնելը անպատեհ է:

Ըստ Մխիթարյանի՝ Գյումրու քաղաքապետարանի հետ պլանավորել էին տոնը նշել մեծ շուքով ու յուրահատուկ լուծումներով, սակայն հաշվի առնելով վերոնշյալ իր դիտարկումը՝ որոշել են զերծ մնալ Գյումրու Վարդանանց հրապարակում Վարդավառի մեծ միջոցառում կազմակերպելուց:

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Քնարիկ Հարությունյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ընդգծում է՝ որևէ մեկը, ելնելով իր նպատակահարմարություններից, իրավունք չունի որոշել Գյումրիում միջոցառումների կազմակերպումը կամ դրանց չեղարկումը հատկապես քաղաքական դրդապատճառներով:

«3 հոգանոց փոքր ֆրակցիան իրավունք չունի խոսել Գյումրու և գյումրեցիների անունից, նրանց քաղաքական օրակարգ թելադրել՝ այն փաթեթավորելով որպես առանց եկեղեցականի եկեղեցական տոն չանելու անհարմարության զգացումով: Որևէ մեկն իրեն իրավունք չի կարող վերապահել խլել երեխաներից և գյումրեցիներից տոնը՝ սեփական քաղաքական նկրտումներից և ձգտումներից ելնելով»,- ասաց Հարությունյանը:

Անդրադառնալով Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը քաղաքապետարանի պաշտոնական էջում վերահրապարակելուն՝ Հարությունյանը շեշտում է․ «Անթույլատրելի է, ես առնվազն կարող եմ եզրահանգել, որ Գյումրու համայնքապետարանը պաշտոնապես կիսում է ենթադրյալ ահաբեկչության մասնակիցների գաղափարները, համամիտ է ՀՀ պետականությունը խարխլելու փորձերի, երկրում քաոս ու անկայունություն ստեղծելու գործողությունների հետ: Այս պահից սկսած՝ Գյումրու համայնքապետարանին հորդորում եմ անցնել գործի և սկսել Վարդավառի տոնի նախապատրաստական աշխատանքները: Գյումրիում տոն լինելու է այնպես, ինչպես անցած բոլոր տարիներին է եղել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ