![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Ան-24 ինքնաթիռի ավիավթարի հետևանքով տասնյակ զոհերի կապակցությամբ:
Հեռագրում ասվում է.
«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,
Ընդունեք անկեղծ ցավակցություններս Խաբարովսկ-Բլագովեշչենսկ-Տինդա չվերթն իրականացնող «Անգարա» ավիաընկերության Ան-24 քաղաքացիական ինքնաթիռի ուղևորների ողբերգական մահվան կապակցությամբ։
Խնդրում եմ անկեղծ կարեկցանքի և աջակցության խոսքերս փոխանցել ինքնաթիռի վթարի հետևանքով իրենց հարազատներին կորցրած ընտանիքներին»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ամուրի շրջանում կործանված Ան-24 ինքնաթիռում գտնվող բոլոր անձինք զոհվել են։ Ամուրի մարզի նահանգապետ Վասիլի Օրլովը «Տելեգրամ»-ի իր ալիքում հայտնել էր, որ անհետացած ինքնաթիռում եղել են 43 ուղևոր, այդ թվում՝ 5 երեխա, և անձնակազմի 6 անդամ։
![]()