Հափշտակվել է ինկասացիայի կապարակնքված պարկը. 80 մլն ռուբլու ավազակության փորձ Վանաձորի բանկերից մեկում

ՆԳՆ ոստիկանությունը հայտնել է Վանաձորի բանկերից մեկում 80 միլիոն ռուբլու ավազակության փորձի մասին:

Հաղորդագրության համաձայն՝ բանկի մասնաճյուղի վրա հարձակման վերաբերյալ ահազանգը Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հնչել է հուլիսի 15-ին՝ ժամը 16:27-ին: Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները ու պարեկները մեկնել են բանկի Վանաձորի մասնաճյուղ:

«Կատարվել էր հետևյալը․

Ժամը 15։50-ի սահմաններում մասնաճյուղ էր մտել բանկի հաճախորդ 33-ամյա մի տղամարդ, բարձրացել երկրորդ հարկ, մտել մի աշխատատեղի տարածք և հափշտակել ինկասացիայի համար նախատեսված կապարակնքված պարկը, որի մեջ կար 80 միլիոն ռուբլի:

Բանկի անվտանգության պահնորդն ու մեկ այլ հաճախորդ հետապնդել են նրան, և երբ 33-ամյա տղամարդը, անցնելով Գրիգոր Լուսավորչի փողոցը, փորձել էր նստել «Մերսեդես» մակնիշի իր մեքենան, հետապնդողները հասել են նրան: Սկսվել է քաշքշուկ, որի ընթացքում հարձակվողն արցունքաբեր գազ է փչել հետապնդողների դեմքին:

Ի վերջո, պահնորդին և նրան օգնող քաղաքացուն հաջողվել է խլել կապարակնքված պարկը, ինչից հետո հարձակվողն իր մեքենայով հեռացել է:

Նույն օրը Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ առանձնապես խոշոր չափերով ավազակության փորձի հատկանիշներով:
Լոռու մարզի քրեական ոստիկանների ձեռնարկած գործողությունների արդյունքում հուլիսի 21-ին Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցում հայտնաբերվեց «Մերսեդեսը»:

Խուզարկությամբ մեքենայում հայտնաբերվեց արցունքաբեր գազի բալոնը, իսկ խցիկի թաքստոցում՝ հինգ փամփուշտով լիցքավորված գազային ատրճանակ:

Հետագա միջոցառումների արդյունքում հուլիսի 23-ին 33-ամյա տղամարդը եկավ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչություն, ձերբակալվեց ու ներկայացվեց վարույթն իրականացնող մարմին:

Հաջորդ օրը դատարանի որոշմամբ՝ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ