![]()
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ի ընթացքում այցելել և մասնակցել է «Greenovate» երիտասարդական գագաթնաժողովին, ինչպես նաև ունեցել հանդիպումներ սամմիթի կազմակերպիչների հետ՝ քննարկելու հետագա համագործակցության ձևաչափերը, հատկապես՝ բնապահպանական նախագծերի և երիտասարդական հարթակների զարգացման ուղղությամբ։
Այս մասին նախարարը գրել է սոցցանցի իր էջում:
![]()
««Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ի շրջանակում կազմակերպված «Greenovate» երիտասարդական գագաթնաժողովը միտված էր հզորացնել երիտասարդների մասնակցությունը գլոբալ բնապահպանական գործընթացներին՝ հատկապես՝ COP17-ի նախապատրաստական փուլում։
Բացման արարողության ընթացքում հանդես եմ եկել ողջույնի խոսքով, որի ընթացքում կարևորել եմ բնապահպանական կրթության և իրազեկվածության մակարդակի բարձրացումը, երիտասարդության ակտիվ ներգրավումն ազգային և միջազգային որոշումների կայացման գործընթացներում, ինչպես նաև համագործակցության խթանումը՝ հանուն կայուն և արդյունավետ լուծումների։
Գագաթնաժողովին մասնակցել են նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող՝ տիկին Ֆրանսուազ Ժակոբը, որոնց ներկայությունը ևս ընդգծեց միջոցառման կարևորությունը ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակով։
Որպես բանախոս, հանդես եմ եկել նաև COP17-ի ճանապարհային քարտեզի վերաբերյալ ընդարձակ զեկույցով։ Ներկայացրել եմ Հայաստանի մոտեցումն ու պատրաստակամությունը՝ որպես գագաթնաժողովը հյուրընկալող երկիր, առաջնորդելու կենսաբազմազանության համաշխարհային օրակարգը։ Հայաստանը, լինելով COP17-ի նախագահող երկիր, ստանձնում է առաջատար դեր ոչ միայն լոգիստիկ կամ կազմակերպչական առումով, այլ առաջին հերթին՝ գաղափարական ուղղություն սահմանելու տեսակետից։ Շեշտել եմ, որ COP17-ը կոչված է վերածվելու ոչ թե հերթական միջազգային հարթակի, այլ վերաիմաստավորման կետ՝ մեր հարաբերության բնության հետ՝ համակարգային ու խորքային մակարդակում։
520716645_764026466124546_1067084665104278159_n.jpg (191 KB)
Այս գագաթնաժողովը պատմական հնարավորություն է՝ վերանայելու մեր մոտեցումները կենսաբազմազանության պահպանության հարցում՝ անցում կատարելով հատվածական նախագծերից դեպի ինտեգրված, էկոհամակարգային լուծումներ։
COP17-ը կլինի այն հարթակը, որտեղ Հայաստանը կներկայացնի իր տեսլականը՝ որպես փոքր, բայց կենսաբազմազանությամբ հարուստ երկիր։
Նախապատրաստական այս փուլում մեր նպատակը ոչ միայն համաշխարհային ուշադրությունը սևեռելն է բնապահպանական խնդիրների վրա, այլ նաև՝ միասնական, երկխոսության վրա հիմնված կառավարման մոդել ձևավորելը, որտեղ կարևոր տեղ է տրվելու նաև երիտասարդության, կանանց, տեղական համայնքների և քաղաքացիական հասարակության մասնակցությանը։
Ելույթից հետո պատասխանել եմ ներկաների հարցերին՝ կապված COP17-ի օրակարգի, Հայաստանի առաջնահերթությունների և երիտասարդության մասնակցության ձևաչափերի հետ»,- ասված է գրառման մեջ։
![]()