Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները կրկին կհանդիպեն, այս անգամ Երևանում

Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հերթական հանդիպումը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում տեղի կունենա մինչև ընթացիկ տարվա ավարտը։

Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության ադրբեջանական կողմի համակարգող, Միջազգային հարաբերությունների և բազմամշակութայնության վերլուծական կենտրոնի վարչության նախագահի տեղակալ Ֆարհադ Մամեդովը։

Նրա խոսքով՝ հանդիպումը կանցկացվի Հայաստանում։

«Խաղաղության կամուրջ» երկխոսության հարթակը ստեղծվել է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների միջև վստահության ամրապնդման և կայուն երկխոսության հաստատման նպատակով։ Հարթակի շրջանակում կողմերը պարբերաբար հանդիպումներ են անցկացնում, որոնց ընթացքում քննարկում են խաղաղության գործընթացը, տարածաշրջանային անվտանգությունը, լրատվամիջոցներին առնչվող հարցերը և քաղաքացիական հասարակության դերը։

Առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2025 թվականի հոկտեմբերի 21-22-ը Երևանում, որտեղ սահմանվել են երկխոսության հիմնական ուղղությունները։ Հաջորդ հանդիպումն անցկացվել է 2025 թվականի նոյեմբերի 21-22-ը Բաքվում երկու երկրների փորձագետների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Վերջին հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 10-12-ը Գաբալայում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկխոսության զարգացմանը և երկու երկրների քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների միջև ուղիղ կապերի հաստատմանը նպաստելու հարցերը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ